Քաղաքականություն

ՀՀ-ն հետևողական գնալու է սահմանային իրավիճակը շտկելու իր առաջարկն իրագործելու ճանապարհով. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն հետևողական գնալու է սահմանային իրավիճակը շտկելու իր առաջարկն իրագործելու ճանապարհով. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, որովհետև դրա հնարավորությունը իրապես կա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը նշեց, որ Ադրբեջանի զորքերն աներկբայորեն պետք է դուրս գան Հայաստանի սահմաններից, և այս տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը:

«Մենք այսօր էլ մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք, և մեր պատկերացումը հետևյալն է. սահմանային կետերի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս սահմանապահների ներկայացուցիչներ, նաև միջազգային դիտորդների հովանու ներքո պետք է իրականացվեն Սոթքից Խոզնավար սահմանային կետերի ճշգրտում և սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա: Մինչ այդ, ասել ենք, որ երկու կողմերի զորքերը հայելային եղանակով պետք է վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Եվ հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կասկածներ ունի, որ սահմանային միջադեպերով փորձ է արվում ազդել նաև Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա:

«Բայց մենք մեր միասնությամբ և միակամությամբ պետք է հստակ քայլենք մեր երկիրը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ճանապարհով և մենք դա միասին անպայման կանենք»,- ավելացրեց Փաշինյան:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկել է Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում