Հասարակական

Եկեղեցին խաչվեց, բայց Հայրենիքը հարություն առավ. տեղի ունեցավ Խորհրդային Հայաստանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես-գիտաժողովը

6 րոպեի ընթերցում

Եկեղեցին խաչվեց, բայց Հայրենիքը հարություն առավ. տեղի ունեցավ Խորհրդային Հայաստանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես-գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խորհրդային Հայաստան 100. եկեղեցին և պետությունը» ձեռնարկով Հայ Առաքելական Եկեղեցին, որը շատ ծանր հարված է ստացել խորհրդային ժամանակաշրջանում, փորձում է պատմական գնահատական տալ խորհրդային իրականությանն ու խորհրդային ժառանգությանը, որի արդիականությունը թե՛ դրական և թե՛ բացասական իմաստներով պահպանվում է մինչ օրս:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ անդրադառնալով հունիսի 11-ին Մայր Աթոռում տեղի ունեցած ցուցահանդես-գիտաժողովին, որը նվիրված էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 100-ամյակին:

«Եկեղեցին, լինելով անաչառ կյանքի բոլոր իրավիճակների առումով, այս ձեռնարկով փորձում է պատմական գնահատական տալ խորհրդային իրականությանը: Ինքը խաչվեց, բայց Հայրենիքը հարություն առավ տնտեսապես, մշակութապես, գիտական և կրթական առումով: Եվ եկեղեցին չէր կարող դա չտեսնել, չէր կարող դա չգնահատել, չէր կարող մասնակից չլինել այդ հայրենաշինության գործին: Խորհրդային Հայաստանում կյանքի բոլոր ասպարեզների վերաբերյալ մշակված մեթոդաբանությունը չափազանց արդիական է և կիրառելի է նաև մեր հետագա պատմության բոլոր փուլերում, որովհետև այլևս Խորհրդային Հայաստանի մայրամուտին Հայաստանի ղեկավարները հայրենասե՛ր ղեկավարներ էին, նրանք փորձում էին խորհրդային մեծ ընտանիքից պոկել այնպիսի ձեռքբերումներ, որոնք պիտի հզորացնեին Հայաստանը: Իսկ այսօրվա մեր ղեկավարներին և հետագա բոլոր ղեկավարներին Խորհրդային Հայաստանի որոշ ղեկավարների օրինակը առաջնորդող պետք է լինի», - նշեց Հայր Ասողիկը:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արամ Անանյանը նույնպես շեշտադրում է անում նշված հարցի վրա՝ կարևորելով խորհրդային ժամանակաշրջանի պատմության անաչառ ուսումնասիրությունը, որը մինչ օրս տեղի չի ունեցել:

«Շատ նորմալ է, որ պատմության վերաիմաստավորում է տեղի ունենում: Ընդհանրապես ցանկացած առողջ հասարակություն, որն ունի ռեֆլեքսիայի կարողություն, վերաիմաստավորում է իր պատմությունը, քանի որ մեր գիտելիքը հարստանում է, ավելանում են փաստեր, արխիվային փաստաթղթեր, հանդես են գալիս նորանոր հանգամանքներ, և այդ ռեֆլեքսիայի կարողությունը մեր կարևորագույն գործիքներից է: Բայց դա չի նշանակում, որ վերաիմաստավորումը որևէ կերպ ենթադրում է պատմական փաստերի նենգափոխում: Պատմությունը շատ խստապահանջ ուսուցիչ է, և ես չպիտի ասեմ, որ իր դասերը անլուրջ համարողների հետ շատ ավելի լուրջ է վարվում, սակայն՝ շատ շռայլ բոլոր այն հասարակությունների համար, որոնք սերտում են պատմության օրինաչափությունները և քաղաքակրթության զարգացման օրինաչափությունները: Ու մեր համեստ կարծիքով՝ հասարակության հասունության վկայականը հանրային համերաշխությունն է անցյալի իրողությունների նկատմամբ: Եվ ուզում եմ արձանագրել, որ Խորհրդային Հայաստանի պատմության անաչառ գնահատականը դեռևս տրված չէ: Այն սպասում է իր անաչառ ուսումնասիրողին», - մեկնաբանեց «Արմենպրես»-ի տնօրենը:

Իսկ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, որի զեկույցը նվիրված էր «Խորհրդային Հայաստանի արվեստը և մշակույթը» թեմային, ցավալի է համարում այն, որ Խորհրդային Հայաստանի ծննդյան 100-ամյա տարեդարձն անցավ աննկատ: Պատճառն, իհարկե, սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած պատերազմն էր: Բայց գիտնականը վստահ է, որ նույնիսկ եթե չլիներ պատերազմը, միևնույն է, նշված հոբելյանը կանցներ աննկատ:

«Ինձ համար անհասկանալի պատճառներով մեր ժողովրդի մի ստվար հատված ատելությամբ է վերաբերվում իր հայրենիքի պատմության 70-ամյա ուղուն», - ասաց Աննա Ավանեսյանը:

2020 թ. նոյեմբերի 29-ին լրացավ Հայաստանի խորհրդայնացման 100-ամյակը, որը նախորդ տարի տեղի ունեցած հայտնի դեպքերի և հատկապես Արցախյան պատերազմի պատճառով դուրս մնաց հանրային ուշադրությունից և ըստ արժանվույն չհիշատակվեց: Եվ այժմ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի բաժնի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համագործակցության շրջանակներում, տեղի ունեցավ «Խորհրդային Հայաստան 100. եկեղեցին և պետությունը» նախագիծը: Հունիսի 11-ին Մայր Աթոռում տեղի ունեցավ նշված խորագրով ցուցահանդես և այնուհետև՝ գիտաժողով, որին մասնակցում էին Մայր Աթոռի ներկայացուցիչները, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն, դոկտոր Թոմաս Շրապելը, գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

Հայաստանի խորհրդայնացման 100-ամյակի առիթով, ցուցահանդեսից զատ, հրատարակվել նաև նույն՝ «Խորհրդային Հայաստան 100. եկեղեցին և պետությունը» խորագրով հոդվածների և արխիվային նյութերի գրքույկ, որտեղ ներկայացված է Խորհրդային Հայաստանի կյանքի ընդհանուր պատկերը, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ իրականացված պետական քաղաքականությունը, որը, Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքով, իր սկզբնական՝ ծայրագույն թշնամական վերաբերմունքից աստիճանաբար վերափոխվեց և դարձավ հանդուրժելի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում