Փաշինյանն անդրադարձավ 1999-ին ԼՂ հարցի լուծման համատեքստում Մեղրիի շուրջ ծավալված քննարկումներին

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համատեքստում Մեղրիի շուրջ ծավալված գործընթացներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի պաշտոնակատարը նման տեսակետ հայտնեց Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Փաշինյանը նախ բանակցային պրոցեսի առանձնահատկությունը համարեց այն, որ սեղանի շուրջ քննարկված ոչ մի բան անհետ չի կորում, դառնում է բանակցային բովանդակություն, որն ինչ-որ փուլում վերադառնում է: Քոչարյանին՝ ԼՂ-ն բանակցային սեղանից դուրս թողնելու մեջ մեղադրելուց հետո վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Դրանից հետո տեղի է ունենում հետևյալը՝ 1999-ին ի հայտ է գալիս Ղարաբաղի հարցը լուծելու հետևյալ տրամաբանության գաղափարը՝ Մեղրին տանք, Ղարաբաղը վերցնենք: Եվ բանակցային սեղանին հայտնվում է փաստաթուղթ: Մեղրիի տարբերակը ոչ թե ուղղակի ասել-խոսել է, այլ ձևավորվում է փաստաթուղթ՝ հարցի կարգավորման համաձայնագրի նախագիծ: Երբ ձևավորված է փաստաթուղթ, նշանակում է, որ նստել են փորձագիտական խմբեր ու շաբաթներով, ամիսներով աշխատել ամեն կետի, բառի, ստորակետի վրա և դարձրել ամբողջական փաստաթուղթ»:

Նա այդ համաձայնագրից մեջբերում արեց. «Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը (1988 թվականին եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում), փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը: Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը (1988 թվականին եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում), փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը»: Այլ հոդվածների հիշատակման մեջ նշեց, որ, ըստ նախատեսվածի, «Հայաստանը պետք է զորքերը դուրս բերեր Աղդամից, Ֆիզուլիից, Ջաբրայիլից, Կուբաթլուից, Շահումյանից, Քելբաջարից, Զանգելանից և Ղազախից»: Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվեր այդ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: 5-րդ հոդվածով էլ պետք է սկսվեր Մեղրիի բնակչության և Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը ՀՀ տարածք, այդ տեղափոխումը պետք է ավարտեր համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում:

Փաշինյանի խոսքով՝ այդ փաստաթղթի՝ սեղանին դրվելուց հետո Քոչարյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, հրավիրել Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին և հայտնել, որ այդպիսի բան կա: «Ոչ միայն ասում է, այլև փորձում է համոզել, քանի որ այդ նիստից հետո Վազգեն Սարգսյանը այցելում է Մեղրի և հայտարարություն անում, որ Մեղրին ուղղակի հայրենիքի մի հողակտոր չէ, Մեղրին աշխարհը մեր դուռը բերող է և Մեղրին պայթելու է Երևանի կենտրոնում: Այսինքն ՝ ոչ միայն արձանագրում է, այլև՝ սպառնում է, ասում է, որ Մեղրիի թեման Երևանի կենտրոնում պայթելու է: Եվ Մեղրին պայթում է Երևանի կենտրոնում, տեղի է ունենում մի փոքր այլ տրամաբանությամբ. 1997-ի հոկտեմբերի 27-ին նախկին դաշնակցական Նաիրի Հունանյանը մտնում է ԱԺ և գնդակահարում Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին, Լեոնարդ Պետրոսյանին, Հայկ Քոթանյանին, բայց իհարկե հիմնական թիրախը Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն էին»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ Մեղրիի տարբերակի մասին վկայել են նաև Պաշպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և Վազգեն Սարգսյանից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցրած Արամ Սարգսյանը:

«Դիմադրությունից հետո այդ տարբերակը ձևափոխվում է, դառնում է ճանապարհ և այլն: Բայց արդյունքում տեղի չի ունենում: Եվ ըստ էության կարող ենք արձանագրել, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն իրենց կյանքի գնով փրկում են Մեղրին»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ փաստաթղթում Շուշիի շրջանը առանձնացվում է ԼՂ ինքնավար մարզից և Լաչինի շրջանի հետ դրվում է նույն շարքի մեջ: «Բանակցային տրամաբանությունը չի հեռանում, չի կորում: Եվ այս վերջին շրջանի իրադարձություններն էլ դրա մասին են: 1999 թվականին Ղազախի շրջան է գրված: Շուշին առանձնացված է ԼՂ-ից: Ես ասում եմ, որ Շուշիի հարցը միշտ եղել է: Սա ապացույց է, որ եղել է»,-հավելեց նա:

Փաշինյանը խոսեց նաև 1999-ի նոյեմբերի 30-ին Ստամբուլում ԵԱՀԿ հերթական գագաթնաժողովում Եվրոպայում անվտանգության խարտիայի քննարկման մասին: Նա նշեց, որ դրանում ՀՀ-ն կողմ է քվեարկել մի փաստաթղթի, որի 19-րդ հոդվածից մեջբերում արեց. «Մարդու իրավունքների, ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ պետք է հակառակը՝ ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոհիշյալ փաստաթղթում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական և կրոնական ինքնության պաշտպանության և խթանման միջոցներ են գոյություն ունեցող պետության ներսում»:

Փաշինյանը նշեց. «Սա նշանակում է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է պաշտպանվեն, բայց նրանք մնան այդ գոյություն ունեցող պետության կազմում: Գոյություն ունեցող պետությունն Ադրբեջանն է»:

Ըստ Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանը նախագահ դառնալուց հետո 2 տարվա ընթացքում, ըստ էության, Ադրբեջանի բոլոր ակնկալիքները բավարարել է՝ առաջինը Ղարաբաղը բանակցությունների սեղանից դուրս թողնելով, երկրորդը՝ Մեղրիի՝ իր մեջբերած փաստաթղթով: Փաշինյանի խոսքով՝ Քոչարյանը սա արել է շատ պարզ պատճառով, քանի որ 1998 թվականին ապօրինի է ընտրվել ՀՀ նախագահ, նրա պնդմամբ՝ 1998-ի ընտրությունները կեղծվել են, և դա արել է իր իշխանությունը լեգիտիմացնելու համար:

Հայերեն

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել