Փաշինյանը Քոչարյանին մեղադրեց Արցախի առաջին պատերազմի հաղթանակի քաղաքական արդյունքը ոչնչացնելու մեջ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ 1998-ին Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողնելով՝ ոչնչացվել է Արցախի առաջին պատերազմում տարած հաղթանակի ամբողջ քաղաքական արդյունքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի պաշտոնակատարը նման տեսակետ հայտնեց Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանը

Փաշինյանն Արցախի առաջին պատերազմի ամենակարևոր քաղաքական և դիվանագիտական արդյունքը համարեց այն, որ 1994 թվականի մայիսի 12-ին զինադադարի փաստաթուղթը կնքվել է Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: «Կարևոր քաղաքական արձանագրումը հետևյալն էր, որ փաստաթուղթը ստորագրվեց եռակողմ ֆորմատով՝ Հայաստան, Ղարաբաղ, Ադրբեջան: Սրանով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղը՝ այս նշաձողի մեջ դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ, որովհետև երկու միջազգայնորեն ճանաչված պետությունների հետ ստորագրել է փաստաթուղթ»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա 1996-ի վերջին տեղի ունեցած ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը համարեց ամենաառաջին մեծ ահազանգը՝ ՀՀ-ի համար: «Այդ գագաթաժողովում նախագիծ դրվեց շրջանառության մեջ, որի էությունը հետևյալն էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակներում: Այսինքն՝ միջազգային հանրությունն ասում է՝ կոնֆլիկտ ունեք, գնացեք լուծեք, բայց, մեծ հաշվով, ինչ կարգավիճակ էլ ունենա Ղարաբաղը, պետք է լինի Ադրբեջանի կազմում»,-ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը, սակայն, վետո է դրել փաստաթղթի վրա, այդպիսով այն չի ընդունվել, որից հետո դա դարձել է ԵԱՀԿ նախագահի հայտարարություն:

Նա հավելեց, որ մինչև 1997 թվականի ապրիլը բանակցային գործընթացը շարունակվել է եռակողմ ձևաչափով: Ղարաբաղը, որպես ինքնուրույն կողմ, նստել է բանակցային սեղանի շուրջ: «1997-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվում է վարչապետ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, 1998-ին դառնում է Հայաստանի նախագահ և առաջին բանը, որ տեղի է ունենում, այն է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է թողնվում բանակցային գործընթացից: Սա պետք է արժանանա ճշգրիտ գնահատականի, որ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի ամբողջ քաղաքական արդյունքը ոչնչացվում է»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը կարևոր արձանագրում համարեց՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին եռակողմ հանդիպումը՝ Հայաստան, ԼՂ, Ադրբեջան, տեղի է ունեցել 1997-ի ապրիլին Մոսկվայում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիրն իր մայրաքաղաքում ընդունում է պատվիրակություն, որի կազմում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ է: Սա, ըստ էության, Ղարաբաղի միջազգային ճանաչման հնարավորության անկյունաքարն է, սա չի նշանակում, որ պարտադիր կճանաչեն, բայց արդեն ճանաչված, որոշակի կարգավիճակ ունի»,-ասաց նա ու հավելեց, որ 1998-ից հետո ոչ մի այդպիսի հանդիպում տեղի չի ունեցել:

Փաշինյանը մեջբերեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի՝ 2009-ին Ստեփանակերտ այցելության ընթացքում հնչեցրած հայտարարությունը, թե Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ժամանակին դադարեցվել է հայկական կողմի որոշմամբ: «Կայացվել է որոշում, որով պատերազմի արդյունքները ոչնչացվել են»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը մեջբերեց նաև 2004-ին Ռոբերտ Քոչարյանի՝ «Голос Армении» թերթի ընթերցողների հարցերին տրված պատասխաններից մի հատված, որում նա անդրադարձել է Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողնելուն: «Տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած ձևի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ՝ Ղարաբաղի ղեկավարությունը: Հարց է առաջանում՝ միթե Հայաստանն ի վիճակի չէ իրենից Ղարաբաղի ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել և ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ: Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետն ու փորձել Հայաստանի ռեսուրսն օգտագործել՝ խնդրի կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշումն ու մոտեցումները մշակելու համար: Այսինքն ՝ոչ թե մենք համաձայն ենք կարգավորման ցանկացած ձևին, որին կհամաձայնի Ղարաբաղը, այլ մենք ունենք սեփական դիրքորոշում և պատրաստ ենք այն պնդել: Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ արեցի»,-Քոչարյանի խոսքերը մեջբերեց Փաշինյանը:

«1998 թվականին Ղարաբաղը դուրս է թողնվում բանակցային գործընթացից՝ Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշմամբ»,-նշեց նա:

Հայերեն Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն