Հասարակական

Թափուր տեղը երկու մրցույթով չհամալրելու դեպքում ուսուցիչ աշխատելու համար կգործեն այլ պահանջներ

3 րոպեի ընթերցում

Թափուր տեղը երկու մրցույթով չհամալրելու դեպքում ուսուցիչ աշխատելու համար կգործեն այլ պահանջներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ եթե երկու անգամ հայտարարված մրցութի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա ուսուցչի տվյալ թափուր տեղիհամար կարող է դիմել նաև համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց հեղինակը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Հայրապետյանը նախ նշեց, որ ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված՝ առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը: Նրա խոսքով՝ ոչ միայն բարձրլեռնային և սահմանամերձ շրջաններում, այլ նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում կա ուսուցիչների համալրման խնդիր:

«Այն դպրոցներում, որտեղ հայտարարված մրցույթին երկու անգամ չեն դիմի, և հաստիքը կմնա թափուր, մեր այն մասնագետները, որոնք չունեն մանկավարժական բազային կրթություն, բայց ունեն մասնագիտական հմտություններ և այն հմտությունները, որոնք կարող են իրենց թույլ տալ դասավանդել, կրթել երեխաներին հանրակրթական ուսումնական հաստատություններում, ապա անցնելով պետական լիազոր մարմնի կողմից մշակվող, առաջարկվող կրթական ծրագիրը և հաղթահարելով մրցույթը, հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում»,- ասաց Հայրապետյանը:

Այսպիսով, սահմանվում է, որ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցութի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:

Հայրապետյանը պարզաբանեց, թե ինչ է նշանակում մանկավարժության կրեդիտը: «Մենք առնվազն նկատի ենք ունենում մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ձևավորող մոդուլները»,- նշեց նա:

Քվեարկությամբ նախագիծը ստացավ 77 «կողմ» ձայն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում