Սպորտ

Հենրիխը կմիանա և կօգնի մեզ սեպտեմբերին. Կապառոս

2 րոպեի ընթերցում

Հենրիխը կմիանա և կօգնի մեզ սեպտեմբերին. Կապառոս

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմին կօգնի սեպտեմբերին կայանալիք պաշտոնական խաղերում:

«Ես շատ եմ անդրադարձել այս հարցին, հիմա ևս մեկ անգամ կասեմ. մենք ընկերական երկու հանդիպումներ ենք անցկացնելու, որոնց ընթացքում ես ցանկանում եմ նոր ֆուտբոլիստների փորձարկել, և դրա լավագույն հնարավորությունը առաջիկա խաղերն են: Ես բազմիցս նշել եմ, որ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Նա շատ կարևոր է մեր հավաքականի համար, և արդեն պաշտոնական հաջորդ խաղերին, որոնք կկայանան սեպտեմբերին, հույս ունեմ, որ Հենրիխը կմիանա և կօգնի մեզ: Առջևում մեզ հաճելի, բայց միևնույն ժամանակ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, և մենք մեծ խանդավառությամբ ենք մոտենում դրան:Մի բան կցանկանայի հստակեցնել. Ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ, և ոչ ոք երբևիցե չի կարողացել կազմի ընտրության հարցում ինձ վրա ազդել: Մենք պետք է ուժեղացնենք այն ֆուտբոլիստներին, որոնք այժմ գտնվում են մեր տրամադրության տակ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կապառոսի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Իսպանացի մասնագետի կարծիքով Խորվաթիան հիանալի հավաքական ունի:«Խորվաթիայի թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս աշխարհի լավագույն առաջնություններում, Ոսկե գնդակի դափնեկիր ունեն, շատ ուժեղ հավաքական է»,-եզրափակել է նա:

Հունիսի 1-ին Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի հետ: Հանդիպումը կկայանա Զագրեբում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում