Տարածաշրջանային

Նման հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Զախարովան՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելու մասին

2 րոպեի ընթերցում

Նման հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Զախարովան՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելու մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում իրադրության կայունացման և այն բարօրության գոտու վերածելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբեր –նոյեմբեր ամիսների իրադարձություններից հետո լիարժեք երկխոսության և փոխվստահության վերականգնման ճանապարհին են:

«Ռուս խաղաղապահներն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը զբաղված է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ: Ռուսական կողմն ակտիվորեն ներգրավված է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպի կարգավորմանը` նպաստելով լարվածության նվազեցմանը: Կանոնավոր կապ ենք պահպանում Բաքվի և Երևանի հետ՝ ամենաբարձր և բարձր մակարդակներով»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ օպերատիվ կապ է գործում զինվորականների, սահմանապահ ծառայությունների և, բնականաբար, արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով:

Անդրադառնալով Ադրբեջանի զինվորականների կողմից Հայաստանի տարածք ներխուժելու փաստին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ միջադեպն անմիջական առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: «Հիմնական պատճառը հայ-ադրբեջանական սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որը որպես ժառանգություն մնացել է դեռևս խորհրդային ժամանակներից: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ նման հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում` տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը` դրան հաջորդող սահմանագծմամբ: Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»,- ընդգծել է Զախարովան:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում