Արցախի հուշարձանների պատմությունն ու անձնագրային տվյալները մեկ հարթակում. շահագործվում է monumentwatch.org կայքը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի մշակութային հուշարձանների մշտադիտարկման նպատակով արվեստաբան Աննա Լեյլոյան-Եկմալյանը և պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանն իրենց շուրջ են համախմբել մի խումբ բարձրակարգ մասնագետների և ստեղծել monumentwatch.org կայքը:

Այն ակադեմիական հարթակ է, որում գիտական հոդվածների, քարտեզների, լուսանկարների և այլ նյութերի միջոցով հնարավոր է ծանոթանալ հայկական հուշարձանների պատմությանը, անձնագրային տվյալներին և այլ կարևոր հրապարակումների:

«Արմենպրես»-ի թղթակիցը կայքի ստեղծման գաղափարի, բովանդակության, մասնագետների կատարած լայնածավալ աշխատանքի մասին զրուցել է նախաձեռնության համահեղինակ Աննա Լեյլոյան-Եկմալյանի հետ, որի խոսքով՝ հիմա են հանրությանը հայտնում նախագծի մասին, քանի որ կայքն արդեն շահագործվում է:

Նա պատմում է, որ աշխատանքներն սկսվել են 2020 թվականի վերջում: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, մտահոգված հայկական մշակութային հուշարձանների ճակատագրով, Աննա Լեյլոյան-Եկմալյանը բաց նամակով դիմել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին՝ ահազանգելով, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հուշարձանները վտանգված են:

«Մարդկային կորստից, գերիների խնդրից հետո կարևոր է մշակութային կորստի հարցը: Երկու նամակներն էլ պատասխան ստացան: Պատրաստակամ էին օգնել մեզ, բայց որևէ մեկը որևէ տեղեկություն չուներ: Կարող ես օգնել, երբ կա դրա հնարավորությունը, սակայն Ադրբեջանի իշխանություններն այսօր խափանում են ցանկացած առիթ: Իմ հիմնական նպատակն էր նախ ահազանգել, որ սարսափելի վիճակում ենք հայտնվելու: Մինչ օրս տեսնում ենք, որ որևէ բան անել հնարավոր չէ, ու հասկացանք, որ պետք չէ հույսը դնել ուրիշների օգնության վրա: Բնականաբար պետք է դիմել, բնականաբար դրա կարիքը կա, սակայն չէի կարող ձեռքերս ծալած նստել ու սպասել, թե երբ են մեզ աջակցելու»,-նշում է նա:

Խնդիրը քննարկել են և՛ փորձառու, և՛ երիտասարդ մասնագետների հետ: Լեյլոյան-Եկմալյանի խոքով՝ Համլետ Պետրոսյանը շատ մեծ մասնակցություն ունի ծրագրին: Երկուսով են հիմնադրել կայքը, բայց Աննա Լեյլոյան-Եկմալյանն ապրում է Փարիզում և հեռախոսազրույցների, օնլայն քննարկումների միջոցով է մասնակցում աշխատանքին, իսկ Համլետ Պետրոսյանը համակարգում է ամբողջ գործընթացը:

Հավաքվել է լավագույն մասնագետների մի խումբ, որում ընդգրկված են թե՛ երիտասարդ, թե՛ հասուն և շատ փորձառու գիտնականներ, նվիրյալներ, որոնք ուզում են ինչ-որ բան անել, եթե անգամ այդ աշխատանքը մի կաթիլ ջուր է օվկիանոսում:

Մասնագետներն այլևս հնարավորություն չունեն ֆիզիկապես հետևելու հուշարձանների վիճակին, այդ իսկ պատճառով մշտադիտարկում են իրականացնելու տարբեր հարթակներում, հետևելու են, թե ադրբեջանցիներն ինչ հրապարակումներ են անում: «Մեր դիտարկումը նախ և առաջ այդ ուղղությունն ունի, որովհետև անհրաժեշտ է ամեն օր փաստացի վավերագրել, թե ինչ վիճակում են մեր հուշարձանները: Ակնհայտ է, որ դրանք կա՛մ քանդվելու են, կա՛մ վերափոխվելու են: Հայկական հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի պետական քաղաքականության մասն է: Նրանք նաև փորձում են յուրացնել այդ ժառանգությունը»,-շեշտում է արվեստաբանը:

Ըստ Լեյլոյան-Եկմալյանի՝ մենք սարսափելի գործընթացի առաջ ենք կանգնած, և եթե ոչինչ չարվի, վաղը չենք կարողանա ապացուցել, որ հայկական հուշարձանները մերն են:

Լեյլոյան-Եկմալյանի հավաստիացմամբ՝ monumentwatch.org-ը անկախ համալսարանական հարթակ է: «Մենք բոլորս գիտնականներ ենք, որոնցից ոչ մեկը չի քաղաքականացնում այդ աշխատանքը: 15 գիտնական ստեղծում է տվյալների հավաքածու, որը կարող է օգտագործել ցանկացած անձ: Մասնագետները ցուցակագրել են այն հուշարձանները, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Արցախի տարածքում 4000-ից ավելի հուշարձան կա, իսկ 1700-ից ավելի հուշարձան այսօր ուղղակիորեն վտանգված է: Մենք այլևս ժամանակ չունենք սպասելու»,-ահազանգում է նա:

Մասնագետներն առանձնացրել են մի քանի հուշարձան, կայքում ներկայացրել դրանց անձնագրային տվյալները, հուշարձանի դիրքը, ֆիզիկական բոլոր տվյալները, նկարագրությունը, պատմությունը և այլն, նշել են գիտական բոլոր աղբյուրները, որտեղ այս կամ այն հուշարձանի մասին առաջին անգամ հիշատակվել է:

Գիտնականներն աշխատանքային հատուկ մեթոդ են մշակել. կայքում զետեղված բոլոր հոդվածները պետք է միանման լինեն, պատասխանեն նույն հարցերին, որպեսզի դա լինի շատ ակադեմիական հստակ գիտական աշխատանք:

Աննա Լեյլոյան-Եկմալյանը կարծում է՝ կայքը հսկայական գործի առաջին քարն է, որի վրա պետք է կառուցվի ամբողջ աշխատանքը, քանի որ 1700 հուշարձան կա: Գիտակցում են, որ մի քանի ասմում կամ մի տարում չեն կարող բոլոր հուշարձանների տվյալները ներկայացնել, հետևաբար կայքը գործարկելուց հետո 140 հուշարձան են ընտրել, որոնց վրա աշխատում են:

«Մասնագետների թվում են նաև Լյուբա Կիրակոսյանը, երիտասարդներից Սասուն Դանիելյանը, մարդիկ, որոնք երկար տարիներ աշխատել են Արցախում, շատ լավ են ճանաչում յուրաքանչյուր հուշարձան»,-ասում է նա:

Նախաձեռնության համահեղինակը տեղեկացնում է, որ ի սկզբանե նախատեսել են՝ monumentwatch.org-ը պետք է լինի երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, սակայն կայքը մի քանի օր է, որ շահագործվում է և դեռ կան հոդվածներ, որոնց միայն հայերեն տարբերակներն են դեռ հասանելի, սակայն մասնագետ թարգմանիչներն աշխատում են և ամեն օր լրացնում են բացերը: «Հույս ունեմ, որ կայքը կդառնա լուրջ ակադեմիական հարթակ, որի միջոցով հետագայում նաև այլ կարևոր ծրագրեր կիրագործվեն»,-եզրափակեց Աննա Լեյլոյան-Եկմալյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն English Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված