Պաշտոնական

ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիներին վերադարձնելու վերաբերյալ Արմեն Սարգսյանի նամակին

2 րոպեի ընթերցում

ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիներին վերադարձնելու վերաբերյալ Արմեն Սարգսյանի նամակին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ հումանիտար և մարդու իրավունքների վիճակին: Իր հերթին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնել այն զեկույցների առնչությամբ, համաձայն որոնց՝ 2020թ. հակամարտության համատեքստում կալանավորված ոչ բոլոր անձինք են փոխանակվել»,-մասնավորապես նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

Նա նաև տեղեկացրել է, որ ԵԽԽՎ միգրացիոն հանձնաժողովն այժմ պատրաստում է զեկույց «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով:«Թույլ տվեք հավաստիացնել Ձեզ, որ Եվրոպայի խորհուրդն իր մանդատի շրջանակում անելու է հնարավոր ամեն ինչ աջակցելու երկու անդամ-երկրներին՝ տարածաշրջանում հասնելու երկարաժամկետ խաղաղության ու բարգավաճման, և օգտագործելու է յուրաքանչյուր հնարավորություն` հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հարցերը բարձրացնելու համար»,- ասված է Մարիա Պեյչինովիչ Բուրիչի պատասխան նամակում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում