Թուրքական ուրացություն 2: Պոնտոսի հույների ցեղասպանությունը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունական Militaire կայքը հրապարակել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի հոդվածը Պոնտոսի հույների ցեղասպանության վերաբերյալ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածը.

Այսօր հույները հարգում են 1916-1922թթ. Օսմանյան կայսրության ու Թուրքիայի հանրապետության կողմից իրականացրած Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Հայոց ցեղասպանությանը զուգահեռ թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկրի ոչ մահմեդական այլ ժողովուրդների ոչնչացմանը: Ի դեպ, հայ ժողովրդի զանգվածային տեղահանության ու կոտորածի ականատեսը լինելով, պոնտական հույները սկսեցին կազմել առաջին պարտիզանական խմբերը և դիմեցին ինքնապաշտպանության: Թուրքիայի հակաքրիստոնեական արշավը շարունակվեց հետագա տարիներին ևս: Համաձայն տարբեր գնահատականների, թուրքական քաղաքականության արդյունքում Պոնտոսում սպանվել է 300-350 հազար հույն, սակավաթիվ փրկվածներն էլ ապաստան են գտել Հունաստանում ու այլուր։

Բոլորին քաջ հայտնի է Զմյուռնիայի ջարդը, 1940-ականներին ոչ մահմեդականների դեմ տարվող քաղաքականության դրսևորումները: Կապկելով անցյալի փորձը, թուրքերը հույներին ոչնչացնելու համար կազմեցին աշխատանքի գումարտակներ: Գործի դրվեց նաև ձուլման մասշտաբային ծրագիր: 1953-1955 թթ. թուրքական կառավարությունը իրականացրեց հունական ջարդեր Իմբրոսում, Տենեդոսում և Ստամբուլում:

Հակահունական քաղաքականության դրսևորումն էին 1955թ. սեպտեմբերի ստամբուլյան պոգրոմները, որոնցից հետո հույները սկսեցին զանգվածաբար լքել բյուզանդական հնամենի մայրաքաղաքը: 1974թ. թուրքական ներխուժումը և դրան հաջորդած ջարդերը կրկին անգամ փաստեցին, որ թուրքերը չեն հանդուրժում հունական ներկայության որևէ տեսակ:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ թուրքական այս գործողությունները, ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, միջազգային համապատասխան արձագանք չեն ստացել: 1994թ. Հունաստանի խորհրդարանը մայիսի 19-ը հռչակեց Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օր։

25 տարի առաջ՝ 1996թ. ապրիլի 25-ին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը մտավ Հունաստանի խորհրդարանի օրակարգ` ապրիլի 24-ը Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշատակի օր սահմանելու ձևակեպմամբ: Քննարկումների ժամանակ նշվել էր, որ Հայոց ցեղասպանությունն «մեկն էր առաջին միջոցառումներից, որոնք սկսեցին կիրառվել պանթուրքիզմի և պանթուրանիզմի շրջանակներում: Պոնտոսի հելլենական տարրի ցեղասպանությանն ու ոչնչացմանը հետևեց Կոնստանդնուպոլսի, Իմբրոսի, Տենդոսի հունական տարրի բնաջնջումը, հանցագործ ներխուժումը Կիպրոս և նրա բարբարոս գրավումը, իսկ այսօր էլ քուրդ ժողովրդի բնաջնջումը, Թուրքիայի սպառնալիքներն իր հարևանների դեմ, հողերի անօրինական զավթումները»:

2006թ. «Երկիր» շաբաթաթերթում գրել էի․ «Հայաստանն առաջիններից մեկը պիտի ընդունի հունական կոտորածները համապատասխան դատապարտող ու բնորոշող իրավական նորմ… Ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, միջազգային ատյաններում պիտի լինի ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման նախաձեռնողը, քանզի մարդկության դեմ հանցագործությունները միջազգային հանրության յուրաքանչյուր անդամին հուզող խնդիր են, ու քաղաքական պատեհությունից բխող անտարբերությունը, որին այսքան տարի բախվում է Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային պայքարը, չպիտի տեղ գտնի Հայաստանի պաշտոնական քաղաքականությունում»:

2015թ․ մարտի 24-ին Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Պոնտոսի հույների ցեղասպանությունը։ Պաշտոնական Անկարայի ուրացության դեմ միասնական աշխատանքը կարևոր է, կարևոր՝ առաջին հերթին թուրքական հասարակության համար, քանի որ միայն ճշմարտությունն է ազատագրում անցյալի կապանքներից։

Տարիներ առաջ, Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումների ժամանակ Հունաստանի երջանկահիշատակ վարչապետ Ստեֆանոս Ստեֆանոպուլոսը նշեց. «Դժբախտ հրեա ժողովուրդը գոնե տեսավ կանցլեր Վիլլի Բրանդտին՝ ծնրադրած համակենտրոնացման մի ճամբարում, կարծեմ Աուշվիցում, հրապարակավ ներողություն խնդրելիս համաշխարհային հասարակությունից, մարդկությունից: Կա՞ որևէ մեկը, ոչ միայն այստեղ, ամբողջ աշխարհում, որ հավատա, թե Դեմիրելը կամ որևէ մեկ ուրիշ թուրք նախագահ կամ վարչապետ այդ նույն պատճառով երբևէ պիտի ծնրադրի Եփրատի ափին, Էրզրումի կիրճերում, Խարբերդի ձորերում և ներողություն պիտի խնդրի մարդկությունից՝ մեկուկես միլիոն հայերի ջարդի համար, երբ, մանավանդ, Թուրքիան ազգայնական, շովինիստական իր մի զառանցանքի մեջ, նենգափոխելով պատմությունը և ծաղրելով իր իսկ զոհերին, հուշարձան ստեղծեց հայերի կողմից մորթված թուրքերի հիշատակին»։

Այսօր էլ, այս հարցադրումն արդիական է, ոչ միայն հայերի, այլև պոնտական հույների ցեղասպանության ճանաչման համատեքստում»։

Հայերեն العربية

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/06/26