Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակին նվիրված գիրքը կամփոփի գիտական կառույցի նվաճումներն ու բացահայտումները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուրականի աստղադիտարանը 2021 թվականին նշում է հիմնադրման 75-ամյակը: Հոբելյանի առթիվ լույս կտեսնի աստղադիտարանի պատմությանն ու գիտական նվաճումներին, արդյունքներին նվիրված գիրք, կանցկացվի գիտաժողով, որին հնարավորություն կունենան մասնակցելու ոչ միայն հայ, այլև օտարերկրացի գիտնականները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

«Մինչ օրս Բյուրականի պատմությանն ու գիտական նվաճումներին նվիրված գիրք չի հրատարակվել: Բոլոր աստղադիտարաններն ու գիտական հաստատություններն աշխարհում այս կամ այն առիթով հրատարակում են հաշվետվություն ներկայացնող գրքեր և հպարտությամբ են ներկայացնում: Մեր հոբելյանն առիթ է ունենալու մեր գիրքը: Աշխատանքի կեսն առնվազն կատարված է: Գրքում ներառվելու են մեր գիտական արդյունքները, աստղադիտարանի պատմությունը, գիտական աշխատողների ցանկը, միջոցառումները, հրապարակումները և այլ նյութեր»,-տեղեկացրեց տնօրենը:

Հավանաբար, 75-ամյակը պաշտոնապես կնշվի սեպտեմբերին, քանի որ հենց այդ ամսին անցկացնելու են «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը: Համավարակով պայմանավորված սահմանփակումների պատճառով հնարավոր է՝ գիտաժողովն անցկացվի առցանց հարթակում:

Միքայելյանի համոզմամբ՝ աստղագիտությունը միջճյուղային գիտությունների առաջատարն է, քանի որ բոլոր բնական գիտություններն արդեն զարգանում են տիեզերքից ստացված տվյալների հիման վրա:

Անդրադառնալով աստղադիտարանի հիմնադրման պատմությանը՝ Արեգ Միքայելյանը հիշեցրեց՝ Գիտությունների ազգային ակադեմիան հիմնադրման որոշումը կայացրել է 1946 թվականի նոյեմբերին, սակայն 1947 թվականի գարնանից նոր միայն սկսվել են շինարարական աշխատանքները. որոշ դիտակներ են տեղադրվել տարածքում ու սկսել են ուսումնասիրություններ իրականացնել: «Շատերը հարցնում են, թե ինչու է Համբարձումյանը աստղադիտարանի համար ընտրել Բյուրականը: Գիտենք՝ ինչքան բարձր լեռնային պայմաններ, այնքան նոսր է մթնոլորտը: Աստղադիտական դիտումներն առավել լավ են կազմակերպվում նման միջավայրերում: Աշխարհում էլ կարևորագույն աստղադիտարանները բարձր լեռնային գոտիներում են: Երբեմն այս կամ այն տարածքը մի քանի տարի ուսումնասիրում են, նոր այնտեղ աստղադիտարան կառուցում»,- ընդգծեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:

Նրա խոսքով՝ պատերազմից հետո աստղադիտարանի հիմնադրումը հերոսություն է եղել:

Ֆինանսական հնարավորություններն անսահմանափակ չեն եղել, միևնույն ժամանակ հնարավոր չի եղել աստղադիտարանը կառուցել ցանկացած վայրում, քանի որ ենթակառուցվածքների անհրաժեշտություն է եղել: Ճանապարհ պետք է լիներ, էլեկտրականություն, գազ, ջուր և այլն:

Ընտրվել է Բյուրական գյուղն իր ենթակառուցվածքներով: Սկզբնական շրջանում աստղագետները գյուղի բնակիչների տներում են ապրել: Գյուղացիները նրանց օգնել, աջակցել են: Անգամ կերակրել են աստղագետներին:

Մինչև 1950 թվականն ամբողջությամբ կառուցվել է աստղադիտարանի առաջին շենքը, իսկ 1956 թվականին, երբ պատրաստ է եղել ամբողջ համալիրը, կազմակերպվել է միջազգային գիտաժողով ու հայտարարվել աստղադիտարանի պաշտոնական բացումը: Այն բացվել է հիմնադրման որոշումից տասը տարի հետո:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ