Պաշտոնական

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստան Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կալին Անաստասովը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ: Հայաստանի և Բուլղարիայի հարաբերությունները մշտապես կառուցվել են ամուր պատմամշակութային կապերի և երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության հենքի վրա: Նշվել է, որ հաջորդ տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսուն տարին:

Դեսպան Անաստասովն ասել է, որ առավելագույն ջանքեր կներդնի առաջ մղելու երկկողմ կապերը և համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:

Ընդգծելով, որ հայ-բուլղարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ակնկալում է դեսպանն իր ակտիվ աշխատանքով կնպաստի այն իրացնելուն:

Դեսպան Անաստասովը նախագահ Սարգսյանին է հանձնել Բուլղարիայի նախագահի նամակը, որով Ռումեն Ռադևը վերահաստատել է Բուլղարիա պաշտոնական այց կատարելու՝ Հայաստանի նախագահին ուղղված հրավերը:

Հանրապետության նախագահն ու Բուլղարիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, նշել, որ առկա են համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություններ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում