Արմեն Սարգսյանն ընդունել է Վարդինե Օհանյանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Աունի հատուկ ներկայացուցիչ, Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին, նախարար Օհանյանը Հայաստանում ներկայացնում էր Լիբանանի Հանրապետության նախագահին:

«Հաճելի է ընդունել բարեկամ երկրի նախագահի ներկայացուցչին, առավել հաճելի է, որ նա նաև հայուհի է»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Նախարարը Հայաստանի նախագահին է փոխանցել Լիբանանի նախագահ Միշել Աունի բարեմաղթանքներն ու նամակը:

Նամակում մասնավորապես ասվում է.«Հայ և լիբանանցի ժողովուրդները մեկից ավելի ընդհանուր հայտարար ունեն հատկապես տանջանքի, զոհաբերության ու տառապանքի մեջ:

Դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է: Այս ճանապարհին, միասնաբար, մենք, հանուն մարդկության, մերժում ենք կեղծիքը, ավերումն ու ճշմարտության քողարկումը:

Լիբանանահայկական հարաբերություններն ամրապնդվել են հատկապես մարդկային մակարդակում, երբ անցյալ դարասկզբին, պատմության ցավալի ժամանակահատվածում, հարյուր հազարավոր հայեր, հայ ժողովրդի դեմ կազմակերպված ջարդերի թիրախ դառնալով, հաստատվեցին Լիբանանի հողերում: Նրանք դարձան մեր հայրենիքի էական բաղադրիչներից՝ արդյունավետորեն նպաստելով նրա քաղաքական կյանքին, սոցիալական ու մշակութային վերելքին:

Նրանց մեջ հայտնի դարձան նախարարներ, պատգամավորներ, բժիշկներ, արհեստավորներ, արվեստագետներ, լրագրողներ, գործարարներ, գիտնականներ ու մտավորականներ: Նրանք նաև լիակատար հավատարմություն ցուցաբերեցին Լիբանանի հանդեպ՝ չհրաժարվելով Հայաստանին իրենց կառչածությունից, ինչը սերտորեն կապված է նրանց արյան, դավանանքի, մշակույթի ու պատմության հետ:

Լավագույն հարաբերություններ հաստատելու ուղղությամբ մեր ժողովուրդների ձգտումները մարմնավորվել են հաճախակի հանդիպումներով, այցերով ու փորձի փոխանակմամբ, որոնց ավելանում է նաև միջազգային և մասնավորապես ասիական խորհրդարանական ատյաններում դիրքորոշումների ու կեցվածքների շարունակական համակարգումն ի նպաստ մեր ժողովուրդների շահերի, և որն արտահայտում է մեր՝ կողմնակից լինելը արդարությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին, միևնույն ժամանակ, Լիբանանն ընդգծում է Հայաստանի ինքնիշխանությունն ու նրա տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը:

Եկեք այնպես անենք, որ աշխարհը զերծ մնա մեծամասնության ու փոքրամասնությունների գոյության մասին զգացողություններից: Մենք բոլորս միմյանցից կախված ենք ու եղբայրներ, որովհետև մենք միասին բախվում ենք ընդհանուր մարտահրավերների, և յուրաքանչյուրս իր ձեւով է տուժում դրանց հետևանքներից»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Լիբանանի նախագահին և Լիբանանի բարեկամ ժողովրդին:«Շնորհակալ ենք, որ ոճրագործության դատապարտման և կանխարգելման ջանքերում Լիբանանը մեր կողքին է նաև այսօր»,- ասել է նախագահը: Ընդգծելով, որ Լիբանանը սրտաբաց ընդունեց ցեղասպանությունը վերապրած հայերին, ապրելու և արարելու, իրենց ինքնությունն ու ազգային կերպարը պահպանելու հնարավորություն ընձեռեց՝ Հայաստանի նախագահը գոհունակությամբ նշել է, որ երախտապարտ հայերն իրենց մեծ ներդրումն են ունեցել և շարունակում են ունենալ Լիբանանի կյանքի տարբեր ոլորտներում:«Նրանք Լիբանանի արժանի քաղաքացիներ են, և տիկին նախարարը դրա լավագույն վկայությունն է»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններին և լիբանանահայ համայնքին:

Հայերեն Русский

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26