ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսը կշարունակի ջանքերը միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը:
«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Մենք ցավով և ակնածանքով ենք վերաբերվում նրանց զոհաբերությանը: Մենք պինդ կառչած ենք մեր հայ եղբայրներից, որոնք ապրում են այստեղ՝ մեր հայրենիքում: Մենք կշարունակենք ջանքերը՝ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»,- գրել է Կիպրոսի նախագահը:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն՝ Ուրուգվայը, Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիա, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիբանանը, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, Եվրախորհրդարանը, Հռոմի պապը: