Անցյալ դարում Թուրքիան մեծ հանցագործություն է կատարել. ԵԽ պատգամավորը կանգնած է հայերի կողքին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի` Նիդերլանդները ներկայացնող պատգամավոր Փիթեր վան Դալեն (եվրոֆրակցիա (խմբակցություն) Քրիստոնեական Միություն) կանգնած է հայ ժողովրդի կողքին` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Պատգամավորն այս մասին շեշտում է «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում:
Նա նշեց, որ Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով բանավեճի ընթացքում ևս շեշտել է, որ կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին:
«Անցյալ դարում Թուրքիան մեծ հանցագործություն է իրականացրել, սակայն հերքում է այն՝ համարելով ընդամենը «խնդիր»: Անհավատալի է: Մարդկանց սպանություն, ցեղասպանություն, և հետո այն անվանել ընդամենը խնդիր: Ես կանգնած եմ Հայաստանի ժողովրդի կողքին և շարունակելու եմ դա անել»,- ասում է պատգամավորը:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն՝ Ուրուգվայը, Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիա, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիբանանը, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, Եվրախորհրդարանը, Հռոմի պապը: