Հասարակական

Մասնագետները կարևորում են անասնաբույժի մասնագիտության հանրայնացումը

3 րոպեի ընթերցում

Մասնագետները կարևորում են անասնաբույժի մասնագիտության հանրայնացումը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ձգտում է անասնաբույժի մասնագիտությունը դարձնել ավելի գրավիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվեց ապրիլի 23-ին Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նկատեց, որ անասնաբույժների բարձր պատասխանատվության արդյունքում է, որ նաև պատերազմի օրերին չեն գրանցվել համաճարակներ կենդանիների շրջանում, ժամանակին իրականացվել են կանխարգելիչ միջոցառումները: Նա կարևորեց նաև անասնաբույժների կրթությունը:

«Ես կցանկանամ տեսնել անասնաբույժին ոչ այն կերպարով, որով հիմա կա, այլ այն կերպարով, որ տեսնում ենք շատ տարբեր երկրներում: Եվ կարծում եմ, որ մենք բոլորս կանենք ամենը, որ շատ արագ հասնենք այդ արդյունքին»,- ասաց Գաբրիելյանը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ասաց. «Մենք՝ անասնաբույժներս, պարտավոր ենք ոչ միայն մեր գործը լավ իրականացնել, ոչ միայն հետևել անասնաբուժությանը, այլ նաև հանրայնացնել և երիտասարդ սերնդի մեջ սեր ներարկել դեպի մասնագիտությունը, որ գնան, սովորեն ու դառնան անասնաբույժներ: Անասնաբուժությունը կենդանիներին բուժելը չէ, այն հանրության և մարդկանց առողջության մասին հոգ տանելն է»,- ասաց Ավետիսյանն ու նկատեց, որ մարդկանց ինֆեկցիոն հիվանդությունների մի հատված հենց կենդանիներից փոխանցվող հիվանդություններն են:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կարևոր դեր է զբաղեցնում այս մասնագիտությունը: «Անասնաբույժները, որոնք համագործակցում են մեր ՊՈԱԿ-ի հետ, հասցնում են ոչ միայն բավարար, այլ նաև գերազանց ձևով իրականացնել անհրաժեշտ միջոցառումները»,- ասաց Հովհաննիսյանն ու շնորհավորեց անասնաբույժներին մասնագիտական տոնի առթիվ:

Անասնաբույժի միջազգային օրվա առիթով մի խումբ անասնաբույժներ ստացան շնորհակալագրեր՝ որպես լավագույն տեսուչ-անասնաբույժ, որպես լավագույն անասնաբույժ ուսանող, լավագույն երիտասարդ անասնաբույժ, լավագույն կին անասնաբույժ և որպես լավագույն անասնաբույժ-գիտնական:

Անցնող երեք տարիներին աստիճանաբար բարձրացվել է պետական միջոցառումների շրջանակում անասնաբույժներին տրվող վարձավճարի չափը՝ 1 կենդանու պատվաստման համար 100 դրամից հասցնելով 170-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում