Հասարակական

Ծրագրի ղեկավարները տեղում ծանոթացան դպրոցական ճաշարանի հիմանորոգման աշխատանքներին

4 րոպեի ընթերցում

Ծրագրի ղեկավարները տեղում ծանոթացան դպրոցական ճաշարանի հիմանորոգման աշխատանքներին

ԳԱՎԱՌ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշեւիչը, ծրագրի ռեգիոնալ բյուրոյի Կահիրեի գրասենյակի ղեկավար Քեթ Նյուտոնը եւ ղեկավարի օգնական Էրիկ Սքենլոնը ծանոթացան ճաշարանի հիմնանորոգման աշխատանքներին, զրուցեցին դպրոցի տնօրենի եւ մանկավարժների, ծնողների, «Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուների հետ։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզում «Համաշխարհային պարենային ծրագրի» եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթացող «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման աշխատանքների մասին հյուրերին տեղեկատվություն ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։ Նա նշեց, որ ծրագրի բաղադրիչներից մեկը դպրոցական ճաշարանների պայմանների բարելավումն ու ապահովումն է, ինչը եւ կատարման ընթացքի մեջ է։ «2021 թվականի ապրիլի 22-ի դրությամբ արդիականացվել է 68 դպրոցական ճաշարան, առաջիկայում հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը կտրվի եւս 24 դպրոցական ճաշարաններում։ Մնացած 17 դպրոցներում, կապված դպրոցական նոր շենքերի կառուցման հետ, ծրագիրն առայժմ կիրականացվի աշակերտներին չոր սնունդ տրամադրելու տեսքով»,- նշեց վարչության պետը։

Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Սվետլաննա Մաթեւոսյանի ներկայացմամբ՝ Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի ճաշարանում շինարարական աշխատանքները սկսվել են 2020 թվականի ձմռան ամիսներից։ Հիմնանորոգման, սարքավորումների տեղադրման եւ այլ կարգի աշխատանքներն ավարտվել են 2020 թվականի սեպտեմբերին, սակայն առայժմ ճաշարանը չի շահագործվում համավարակի պատճառով։ «Ճաշարանի հիմնանորոգման մեջ իրենց ներդրումն են ունեցել նաեւ մեր մանկավարժները եւ ծնողները։ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ 400 հազար դրամի չափով գումար է ներդրվել նաեւ մեր դպրոցի տնտեսված միջոցների հաշվին։ Մնացած միջոցները տրամադրվել են ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» կողմից։Անում ենք հնարավորը, որպեսզի ճաշարանը գործել սկսի նոր ուսումնական տարվանից։ ճաշարանից օգտվելու են 140 աշակերտներ: Միակ խնդիրը մնում է ջեռուցումը, որը կփորձենք լուծել մինչեւ սեպտեմբեր ամիսը»,- հավաստիացրեց դպրոցի տնօրենը։

ՄԱԿ-ի «համաշխարհային պարենային ծրագրի» Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշեւիչը, իր գոհունակությունը հայտնելով դպրոցական ճաշարանում իրականացված աշխատանքներից, միաժամանակ կարեւորեց համագործակցության շարունակությունը Գեղարքունիքի մարզպետարանի, դպրոցների եւ շահագրգիռ այլ կառույցների եւ անձերի հետ, որպեսզի «Դպրոցական սնունդ» ծրագիրը հասանելի լինի Հայաստանի բոլոր դպրոցներում։ «Ուրախալի է, որ հատկացված միջոցները ծառայել են իրենց նպատակին, որ ընթանում է արդյունավետ ու տեսանելի համագործակցություն։ Այսօր մեզ հետ է ծրագրի ռեգիոնալ բյուրոյի Կահիրեի գրասենյակի ղեկավար Քեթ Նյուտոնը՝ ոչ միայն փորձի փոխանակման, այլ նաեւ մեր ծրագրին աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ճանաչողական այցից հետո կհստասկեցվեն աջակցության հիմնական ուղղությունները »,- հյուրին ներկայացրեց Ելենա Միլոշեւիչը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում