Երևանում բացվեց «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ցուցահանդեսը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ժամանակավոր ցուցադրությունների սրահում ապրիլի 21-ին հանդիսավորությամբ բացվեց «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վերապրածների, այդ թվում նաև թանգարանի աշխատակիցների ընտանիքների պատմություն: Պատմությունները, որոնք շրջանառության մեջ են դրվում առաջին անգամ, ուղեկցվում են թանգարանի ֆոնդերում պահվող բնօրինակ բացառիկ իրերով՝ լուսանկարներով, փաստաթղթերով, ընտանեկան մասունքներով և այլ նյութերով: Ներկայացվում են նաև հատվածներ Հայոց ցեղասպանությունը վերապրածների տեսաձայնագրություններից: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նշեց, որ արդեն երրորդ-չորրորդ սերունդն է և շատ բան մոռացվել է և այժմ փորձ է արվել ներկայացնել երեք տասնյակ ընտանիքների մեզ հասած պատմությունները:

«Այդ պատմությունները մեզ հասել են և՛ Հայաստանից, և՛ այլ երկրներից: Սա կարելի է ասել, որ առաջին թանգարանային ցուցադրությունն է, որ այսքան մեծ ծավալով ներկայացվում է ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների պատմությունները: Հույս ունեմ, որ այս մոտեցումը կունենա իր շարունակությունը: Նոր սերունդը, որպեսզի հասկանա, թե ինչ է եղել 100 տարի առաջ, դա պետք է անի ցեղասպանությունը վերապրածների ճակատագրին ծանոթանալով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ասաց Հարություն Մարությանը:

Ցուցադրությանը ներկա էին ԱՄՆ-ից, Կիպրոսից, Արգենտինայից, Ֆրանսիայից և այլ երկրներից ժամանած, ինչպես նաև Հայաստանում հաստատված վերապրողների ժառանգները, ովքեր անձամբ ներկայացնում էին իրենց ընտանիքի անցած դժվարին ուղին: Ցուցադրության հեղինակ Սեդա Պարսամյանի խոսքով, այդ ընտանիքները թանգարանի հիմնադրումից առ այսօր կիսվել են իրենց ծանր պատմություններով, վստահել և ի պահ են հանձնել ընտանեկան մասունքները՝ փաստաթղթեր, ձեռագիր, հուշեր, լուսանկարներ և այլն:

«Սրանք եզակի վկայություններ են ավելի քան մեկ դար հեռավորությունից ուրվագծելու համար այն պատմական իրադարձությունները որոնք նախորդեցին, ուղղորդեցին և հաջորդեցին Հայոց ցեղասպանությանը: Այս ցուցադրության ընտանիքների պատմությունները ներկայացնում են Հայոց ցեղասպանության ամբողջ ընթացքն իր բոլոր դրսևորումներով և ծանր հետևանքներով: Այդ պատմությունները միևնույն ժամանակ բացահայտում են նաև Հայոց ցեղասպանության ամբողջ ողբերգությունն անհատի մակարդակով»,-ասաց Սեդա Պարսամյանը: Վերապրած ընտանիքներից որոշները հասարակ քաղաքացիներ էին, որոշներն իրենց գործունեությամբ, մասնագիտական հմտություններով լուրջ ներդրում էին ունեցել Օսմանյան կայսրության զարգացման գործում: Նրանց բոլորի ճակատագրերը միահյուսվեցին մեկ ընդհանուր ողբերգությամբ՝ Հայոց ցեղասպանությամբ: Այն քիչ թվով մարդիկ, որոնք կարողացան վերապրել այս արհավիրքը, տեղահանվեցին իրենց հայրենիքից, բնօրրանից, սփռվեցին աշխարհով մեկ և նոր կյանքի հիմք դրեցին օտար ափերում: Որոշ դեպքերում մեծ գերդաստաններից կարողացել են փրկվել մեկ կամ երկու հոգի, որոնք սակայն, հաղթահարելով արհավիրքը, իրենց վերագտան և շարունակողը դարձան բնաջնջված գերդաստանի:

Ցուցադրության բացմանը զուգահեռ տեղի ունեցավ ներկայացվող ընտանիքներից մեկի՝ մալաթիացի Թևեքելյան ընտանիքի պատմությանը նվիրված գրքի շնորհանդեսը: Ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը:

Հայերեն العربية English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել