«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է բարձրացնել զինվորական ծառայության տարիքային շեմը
2 րոպեի ընթերցում
![«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է բարձրացնել զինվորական ծառայության տարիքային շեմը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1049285.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրինագիծը ներկայացրեց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Նախագծով առաջարկվում է բարձրացնել զինվորական ծառայության տարիքային շեմը՝ սահմանելով պայմանագրայինների համար մինչև 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը:
Կառավարությունն առաջարկել է սպայական և շարքային կոչումների համար սահմանել տարբեր տարիքային շեմեր:
«Գործող օրենքում ամրագրված 40 տարեկանն առաջարկվում է դարձնել 45, 45 տարեկանը՝ 50: Կրտսեր սպայական կազմի համար առաջարկվում է 48-ը 52 տարեկան դարձնել, ավագ սպայական կազմի համար՝ 50-ը 58: Ավելի բարձր կոչումների համար տարիքային շեմը թողնվել է անփոփոխ: Առաջարկվում է համաչափորեն բարձրացնել նաև պահեստազորայինների տարիքային շեմը՝ դարձնելով 48-ից 53, 50-ից 55, 55-ից 58 և 58-ից 60 տարեկան»,- ասաց Գորգիսյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում: