Արմեն Սարգսյանը ցավակցել է Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանի մահվան կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահի ցավակցականկ ուղերձում ասվում է.

«Հայր Հարությունը այսօրվա հայ իրականության մեջ ամենահայտնի անուններից է՝ շնորհիվ իր ապրած հագեցած կյանքի և բեղուն գործունեության: Մուսալեռցի ծնողների զավակը աչք է բացել Բեյրութում՝ 1937 թվականին, իսկ 1950 թվականից ի վեր իր կյանքը կապել է Վենետիկի Մխիթարյան միաբա­նության հետ: Միաբանության ուշիմ և տաղանդավոր սանը ստանում է բազմակողմանի կրթություն Հռոմում ու Վենետիկում, բացի փիլիսոփայությունից, աստվածաբանությունից ու հոգևոր երաժշտությունից, հրապուրվում նաև գեղանկարչությամբ:

Երկար տարիներ նա զբաղվել է նաև մանկավարժությամբ աշխարհի տարբեր երկրների Մխիթարյան վարժարաններում: Հայր Հարությունը հատկա­պես կապված էր Փարիզին մերձակա Սևրի Սամուել-Մուրադ վարժարանի հետ, որտեղ նա դասավանդել է երկար տարիներ, իսկ կյանքի վերջին տարիներին, երբ վարժարանն այլևս չէր գործում, նա դարձել էր այդ պատմական հաստատության վերատեսուչը և Մխիթարյան ժառանգության անսասան պահապանը:

Անխոնջ հոգևորականը, գիտնականը, մանկավարժն ու արվեստագետը հոգով և մտքով ամուր կապված էր Հայրենիքի հետ. նա շրջել է ողջ Հայոց աշխարհում, մեկիկ-մեկիկ գրի առել և նկարագրել ու նկարահանել մեր վանքերը, եկեղեցիները, պատմական հուշարձանները: Նրա բեղուն գրչի տակից դուրս են եկել հայագիտական տասնյակ ուսումնասիրություններ, ճանապարհորդական հուշագրություններ, հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին նվիրված ակնարկներ, սրտացավ ու սուր դիտարկումներ մեր նոր իրականության վերաբերյալ:

Հատկապես վերջին երեսուն տարիներին Հայր Հարությունի մի ոտքը Հայաստանում էր, որտեղ նա գնահատված ու սիրված էր և հաճախ հանդես էր գալիս բանավիճային ելույթներով, դասախոսություններով և նկարչական ցուցահանդեսներով:

Երկար տարիներ անձամբ ճանաչելով և շփվելով այդ բազմաշնորհ և կենսասեր անձնավորության հետ` իմ մեջ ձևավորվել է մեծագույն հարգանք ու համակրանք մեր հոգևոր-մշակութային կյանքի այդ նվիրյալի նկատմամբ:

Անդառնալի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն եմ հայտնում Մխիթարյան միաբանությանը, Մխիթարյան սաներին և վարդապետի հարազատներին ու մերձավորներին»:

Հայերեն العربية

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

COP17. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ելույթը Առաջնորդների գագաթնաժողովին

Երևանում հանդիպել են Հայաստանի և Չինաստանի շրջակա միջավայրի նախարարները

Արհեստական բանականությունն ու մեդիայի ապագան՝ ԵՊՀ միջազգային գիտաժողովի ուշադրության կենտրոնում