Հասարակական

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

3 րոպեի ընթերցում

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզպետների խորհրդակցություն, որին մասնակցել է նաև ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանն անդրադարձ է եղել պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման և լրամշակման հարցում մարզպետարանների աջակցությանը: Նախարարը կարևորել է կոմիտեի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը' պետական գույքի համապարփակ հաշվառման, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին վերաբերող տվյալների համապատասխանեցման, ոչ լիարժեք բազան ամբողջականացնելու հարցում:

Ի թիվս օրակարգային հարցերի` նիստի ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները:

Նշվել է, որ 2021 թվականին հանրապետության համայնքների կողմից ներկայացվել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն 800 նախնական հայտ, որոնք առաջիկայում կքննարկվեն սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովում։

Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ ընթացիկ տարվա սուբվենցիոն հայտերի ընտրության հարցում առաջնահերթությունը տրվելու է այն ծրագրերին, որոնք համայնքներում կլուծեն առաջնային խնդիրներ, կբարեկարգվեն կամ կկառուցվեն կենսական ենթակառուցվածքներ։ Մարզպետներին հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել նաև համավարակի և պատերազմի հետևանքով նախորդ տարվա անավարտ ծրագրերը՝ դրանց շինարարության տեմպն ու որակը պահելու և նախանշվող ժամկետներում ավարտելու նպատակով։

Մարզպետները նախարարին զեկուցել են նաև ՀՀ մարզերի՝ համայնքների եկամուտների հավաքագրման արդյունքների մասին։ Համայնքների սեփական եկամուտները 2021թ․ առաջին եռամսյակում կազմել են 5 մլրդ 264 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 470 մլն դրամով։

Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր ևս: Անդրադարձ է եղել մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունից բխող 2021 թվականի տարեկան գործունեության ծրագրի մշակման և գերակայությունների սահմանման, ինչպես նաև համայնքային ծառայողների և ՏԻՄ 2021թ. վերապատրաստումների վերսկսման ուղղությամբ աշխատանքներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում