ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականին ռեստորանային ոլորտի առաջատարներից «Երեմյան Փրոջեքսթը» գործարկեց Հայաստանում եզակի ուսումնական կենտրոն՝ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան: «Երեմյան ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանի հետ զրուցել ենք կատարված աշխատանքների, ձեռքբերումների և առաջիկա ծրագրերի մասին:
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր բազմամյա գործունեության ընթացքում մշտապես նպատակ է ունեցել ստեղծել այնպիսի ուսումնական կենտրոն, որը հնարավորություն կտար տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները փոխանցել սերունդներին և նպաստել խոհարարի մասնագիտության դերի ու նշանակության բարձրացմանը: Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան «Երեմյան Փրոջեքթս»-ի այդ երազանքի իրականացումն է:
Ակադեմիայի երեք հիմնական ուղղություններով ծրագրերն ու դասընթացները մշակել ենք միջազգային փորձն ու նմանատիպ կենտրոնների հաջողված պատմությունները համադրելով հայկական շուկայի առանձնահատկություններին ու պահանջարկին:
Կարծրատիպեր կոտրելով. ոչ ֆորմալ կրթության առավելությունները
Մեր հասարակությունում ընդունված կարծրատիպ կա, որ միայն ֆորմալ բարձրագույն կրթությունը կամ որևէ բուհ ավարտելն է երաշխավորում հետագայում լավ մասնագետ դառնալն ու աշխատանք գտնելը: Մինչդեռ ոչ ֆորմալ կրթությունը ոչնչով չի զիջում և ունի մի շարք առավելություններ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ առաջադեմ կենտորնների դասընթացների շնորհիվ հնարավոր է կարճ ժամանակում դառնալ կոնկրետ ուղղվածությամբ պրոֆեսիոնալ ու պահանջված մասնագետ:
Մեր 2 տարվա ձեռքբերումներն ուղղակիորեն պայմանավորված են Ակադեմիայի առանձնահատկություններով: Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ ֆորմալ կրթության դաշտում ունեցած իմ փորձի արդյունքում ինչ տեսել եմ արտերկրում, գրեթե նույնությամբ, բարձր մակարդակով ու պրոֆեսիոնալիզմով ուսուցում է կազմակերպվում «Երեմյան Ակադեմիայում»:
«Երեմյան ակադեմիան» եզակի է Հայաստանում և տարածաշրջանում իր ձևաչափով՝ որպես ոչ ֆորմալ կրթության գերազանցության կենտրոն, և՜ իր ուղղվածությամբ, և՜ ընտրված մասնագիտությունների ցանկով՝ խոհարարական արվեստ, ռեստորանային բիզնեսի կառավարում և այլն: Ակադեմիայում կազմակերպվող ոչ ֆորմալ ուսուցումը հնարավորություն է տալիս օգտագործել վերջինիս հնարավորություններն ու գործիքակազմը և կարճ ժամանակահատվածում պատրաստել գործատուի պահանջներին համապատասխան բարձրորակ կադրեր:
Երեմյան ակադեմիայում դասավանդելու համար համախմբել ենք լավագույններին, ովքեր իրենց ոլորտում կայացած, միջազգային տարբեր մրցույթների մասնակցած և հաջողություններ գրանցած մասնագետներ են: Թիմը ոչ միայն ունի գիտելիքների հարուստ բազա և տարիների փորձառություն, այլև հմուտ է այդ ամենն արդյունավետորեն ու առավելագույնս հասկանալի փոխանցելու գործում, ինչը, կարծում եմ, կարևոր առավելություն ու առանձնահատկություն է: Տեսական գիտելիքը գործնական դաշտում կիրառելու համար համապատասխան պայմաններ են պետք: Այս առումով էլ նշեմ, որ Ակադեմիան հագեցած է ժամանակակից նյութատեխնիկական բազայով, աշխարհի առաջադեմ ռեստորանների ժամանակակից խոհանոցներում օգտագործվող նորարարական սարքավորումներով:
Շուրջ 700 ուսանող և ավելի քան 30 լրացուցիչ կրթական ծրագիր 2 տարվա ընթացքում
Մեծ ուրախությամբ ու հպարտությամբ փաստեմ, որ Ակադեմիան ուսանողների համար դառնում է ոչ միայն զուտ կրթական վայր, այլև հոգեհարազատ մի միջավայր, ուր միշտ ուզում են վերադառնալ: Մեր շրջանավարտներից շատերն ավարտելուց հետո մշտապես հյուր են գալիս, պատմում իրենց ձեռքբերումների, հաջողությունների մասին: Ի դեպ, նմանատիպ պատմությունները քիչ չեն. շատերն արդեն իրենց սեփական բիզնեսն են հիմնել՝ փոքրիկ սրճարաններ, ռեստորաններ, սննդի կետեր: Իսկ մեր դասավանդող թիմն էլ միշտ մեծ սիրով ու պատրաստակամությամբ օգնում է նրանց խորհուրդներով, դիտարկումներով: Ունենք ուսանողներ, ովքեր գալիս են ռեստորանային բիզնեսի կառավարում դասընթացին, հետո վարակիչ էֆեկտով անցնում են բոլոր ծրագրերով՝ խոհարարություն, հրուշակագործություն: Սա, իհարկե, առավելություն է տալիս նրանց, որովհետև նրանք էլ գիտակցում են, որ հաջողված բիզնես ունենալու համար պետք է տիրապետել ռեստորանի կառավարման բոլոր գաղտնիքներին:
Նշեմ, որ վերջին մեկ տարում աճել է նաև հրուշակագործության դասընթացների պահանջարկը, որովհետև շատերը սովորելուց հետո այն զարգացնում են որպես առանձին ուղղություն և կարողանում են իրենց սեփական փոքրիկ բիզնեսը հիմնել:
«Երեմյան ակադեմիայի»՝ որպես ուսումնական կենտրոնի արձագանքը ճգնաժամերին
Ի տարբերություն կրթական մյուս կառույցների, որոնք կարող էին իրենց ծրագրերը վերափոխել և հարմարեցնել առցանց համակարգին, մեր դեպքում դա արդյունավետ չէր լինի: Մենք ևս ամիսներ շարունակ չենք աշխատել, ուսանողներին չենք ընդունել: Մեզ համար առաջնայինը որակ ապահովելն է, և առավելագույն արդյունքի կարող ենք հասնել միայն գործնական դասերի, տեղում կատարվող փորձերի շնորհիվ: Ուստի, ավելի նպատակահարմար գտանք դասընթացները հետաձգելը: Ցանկանում եմ առանձնահատուկ շեշտել մեր ուսանողների ու շրջանավարտների դերը, ովքեր այդ ընթացքում մեզ քաջալերում, ոգևորում էին, մեզ հետ միասին համբերատար սպասել են, մինչև բնականոն հունին վերադառնալը և կրկին սիրով հաճախել են դասերին:
«Երեմյան ակադեմիայի» ուսանողները՝ հայկական խոհանոցի դեսպաններն ամբողջ աշխարհում
Մեր գործունեության ընթացքում մշտապես սկզբունքային է արժեք ստեղծելը, և պատահական չէ, որ մեր հիմնական ծրագիրն էլ հենց կոչվում է խոհարարական արվեստ, որովհետև այո´, մենք գործ ունենք ոչ թե զուտ մասնագիտության, այլ արվեստի և մշակույթի կարևոր մասնիկի հետ: Գաղտնիք չէ, որ մեր հարուստ մշակույթում իր ուրույն տեղն ու առանձնահատուկ դերն ունի հայկական խոհանոցը, մեր ուտեստներն ու ավանդույթները: Մենք մեր գործունեության հիմքում դրել ենք խոհարարությունը ոչ թե զուտ մասնագիտություն զարգացնելը, այլ որպես արվեստ ընկալելն ու տարածելը:
Արվեստի հետ այս կապն ամրապնդելու համար մեր ծրագրերը մշակելիս պարտադիր կոմպոնենտ ենք համարել հայկական ազգային խոհանոցի, տարբեր ծեսերի, ուտեստների ուսումնասիրությունը: Մեր ուսանողներն ինքնստինքյան դառնում են հայկական խոհանոցի դեսպաններն ամբողջ աշխարհում, և տարբեր խոհանոցներ Հայաստանում պատշաճ ներկայացնողները, քանի որ ուսումնասիրում և տիրապետում են նաև եվրոպական, ասիական և այլ խոհանոցների գաղտնիքներին:
Հատուկ ծրագրեր Արցախցիների համար
2020 թվականին արցախյան պատերազմի ժամանակ ինչպես «Երեմյան Փրոջեքթս»-ն ամբողջությամբ, այնպես էլ Ակադեմիայով փորձեցինք մեր աջակցությունն ունենալ և մշակեցինք կարճաժամկետ հատուկ ծրագրեր Արցախից տեղահանվածների համար:
Արցախցիների համար ծրագրերն այսքանով չսահմանափակվեցին: Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի հետ միասին նաև քննարկեցինք ծրագրի շարունակականության ապահովումն ու նոր ծրագիր գործարկեցինք: Այս ընթացքում Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց Արցախցիներին օգնություն տրամադրելու ծրագրի մասին, որի արդյունքում կայացավ մեր համագործակցությունը: Արդյունքում՝ այսօր արդեն արցախցի մասնակիցներով մեկ խումբ «Երեմյան ակադեմիայի» կողմից տրված արտոնյալ պայմաններով ավարտել է «Խոհարարական արվեստ. սկսնակների համար» ծրագիրը: Առաջիկայում կհյուրընկալենք ևս մեկ խումբ:
Մի քանի գաղտնիք առաջիկա ծրագրերի մասին
Հաճախ էինք առաջարկներ ու հարցեր ստանում այն մասին, թե ինչու գործունեություն չենք ծավալում հյուրանոցային ոլորտում, որովհետև ըստ էության HoReCa ոլորտը դա ևս ներառում է: Բացի դա, հյուրանոցային գործում մեծ նշանակություն ունի նաև ռեստորանում սնունդն ու դրա անվտանգությունն ապահովելը: Շուտով կգործարկենք մեր հատուկ մշակված ծրագիրը հենց հյուրանոցային ոլորտի համար: Ունենք մասնագետներ, ովքեր մեծ փորձառություն ունեն եվրոպական ու հայաստանյան հայտնի հյուրանոցներում, և պատրաստ են իրենց գիտելիքները ներդնել Հայաստանում ոլորտի զարգացման գործում:
Առաջիկա ծրագրերում նախատեսում ենք նաև գործարկել մեր դասընթացների անգլերեն և ռուսերեն լեզուներով տարբերակները, որոնց պահանջը ևս շատ մեծ է վերջին շրջանում: