Արցախում սոցաջակցության դիմումների մերժման պատճառները պարզաբանել է նախարարի խորհրդականը

9 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի քաղաքացիներին 68 հազարական դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության (բացառությամբ՝ 18-63 տարեկան աշխատունակ տղամարդկանց) վճարումների ուշացման, դիմումների մերժման և շահառուների բարձրաձայնած այլ խնդիրների վերաբերյալ «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանումներ է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արաքսյա Գրիգորյանը:

-Տիկին Գրիգորյան, մարտ ամսվա համար 68-հազարական դրամների վճարումների գործընթացի մեկնարկից հետո, շահառուների շրջանում բազմաթիվ հարցեր առաջացան: Մասնավորապես՝ քաղաքացիները նախարարության կողմից ստացան ֆինանսական աջակցության փոխանցման վերաբերյալ համապատասխան հաղորդագրություն, սակայն բանկային հաշվեհամարներին բացակայում էին գումարները: Բացի այդ՝ կրկին քաղաքացիների հերթեր էին գոյացել Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության Ձեր աշխատասենյակի առջև: Ինչով էին պայմանավորված այդ խնդիրները:

-Նախ նշեմ, որ ի պաշտոնե կոչված եմ ապահովելու՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության, գործընկեր գերատեսչությունների, ՀՀ և ԱՀ պետական այլ մարմինների և սոցիալական ծրագրերի շահառու քաղաքացիների միջև կապը: Այդ գործընթացն իրականացվում է քաղաքացիների հետ ամենօրյա հանդիպումների միջոցով՝ մատչելի դարձնելով քաղաքացի և իրավասու կառույցների կապը, հստակ ձևակերպելով խնդիրները՝ համակարգային ու օպերատիվ կարգավորում տալով դրանց:

Մի շարք ծրագրերից բացի, ներկայումս մեկնարկել և ընթացքում է 68 հազար դրամի չափով ֆինանսական աջակցության քառամսյա ծրագիրը: Դրան գումարվեց նաև հյուրընկալության ծրագրի դիմումների մուտքագրման գործընթացի ժամանակահատվածը: Քաղաքացիների հարցադրումները հիմնականում վերաբերում էին այս ծրագրերին: Հերթը մասնավորապես պայմանավորված էր պետռեգիստրի հետ կապված խնդիրներով, որոնք առկա էին նաև նախորդ ծրագրերի ժամանակ: Այս ընթացքում, թվում էր, թե պետռեգիստրի տվյալների շտեմարանները պետք է բարելաված լինեին, սակայն կրկին բախվեցինք նույն խնդրին, որովհետև տվյալների շտեմարանները չէին թարմացվել: Խնդիրը և օբյեկտիվ է, և սուբյեկտիվ:

Մասնավորապես՝ 68 հազար դրամական աջակցության ծրագրի համար սահմանված են չափորոշիչներ: Մասնավորապես, շահառու են հանդիսանում 2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ ԱՀ հաշվառում ունեցող քաղաքացիները: Դիմումները լրացվեցին առցանց տարբերակով: Կառավարության որոշմամբ սահմանված էր, որ մարտ ամսվա համար պետք է լրացվեր մինչև մարտի 15-ը, որի մասին բազմաթիվ տարբերակներով ու հնարավոր ձևերով իրազեկման աշխատանք է իրականացվել: Նաև պարզաբանվել էր՝ ովքեր են շահառուները: Քանի որ նախապես տեղյակ էինք՝ ովքեր են լինելու շահառուները, դեռևս այս տարվա հունվարին քաղաքացիներին կոչ էինք արել՝ հաշվառվել, որպեսզի հետագայում դիմումների ընդունման գործընթացում խնդիրներ չառաջանան: Այդուհանդերձ՝ դիմումները լրացնելուց և ծրագրի մեկնարկից հետո պարզվեց, որ պետռեգիստրում տվյալները չեն թարմացվել: Այդ խնդրով բազմիցս դիմել ենք պետռեգիստրին: Որոշ դեպքերում ներկայացրել ենք նաև դիմում՝ քաղաքացիներից ստացված տվյալները համադրելու և ուսումնասիրելու համար, սակայն խնդիրը չի լուծվել: Նույն մարդը կրկին այդ խնդրով դիմել է մեզ:

-Որոշ շահառուներ գրանցված էին պետռեգիստրում, սակայն դիմումները կամ մերժվել են կամ բանկերի կողմից վճարումն ուշացել է:

-Դիմումները սխալ լրացնելու, անհրաժեշտ փաստաթղթի բացակայության և դիմումներն այս կամ այն խնդրի պատճառով մերժելու վերաբերյալ քաղաքացիները պատշաճ ծանուցվում են իրենց նշած էլեկտրոնային փոստին: Բացի այդ՝ ԱՀ-ում Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության դիմումների և քաղաքացիների սպասարկման կենտրոնի աշխատակիցները պատրաստակամ պատասխանում են բոլոր քաղաքացիների՝ բարձրաձայնած հարցերին, ներկայացնում առաջացած խնդիրների վերաբերյալ պարզաբանում: Այդուհանդերձ՝ քաղաքացիները, մասնավորապես՝ ուշադիր չլինելով իրենց ծանուցումներին, տեղյակ չլինելու պատճառաբանությամբ, դիմում են մեզ: Մարտ ամսվա դիմումների մուտքագրման կամ վերախմբագրման համար շահառուները մոտ մեկ ամիս ժամանակ են ունեցել: Նույն կերպ՝ արդեն ընթացքում է դիմումների մուտքագրումը ապրիլ ամսվա համար, որը կտևի մինչև ապրիլի 15-ը:

Ինչ վերաբերում է բանկային հաշվեհամարներին աջակցության գումարների ուշ փոխանցման խնդրին, նախ տեղեկացնեմ, որ վճարումները և փոխանցումները կատարվել են մարտի 24-ին. եթե շահառուի քարտին տվյալ գումարը չի նստել, ապա այն պայմանավորված էր բանկային գործընթացով: Քանի որ նախարարությունը ֆինանսական միջոցները փոխանցելով բանկերին՝ շահառուների նշած հեռախոսահամարներին հաղորդագրություններ է ուղարկել:

Այս պարագայում՝ տարածված խնդիր է նաև, երբ քաղաքացիներն իրենց բանկային քարտի տվյալները լրացնելու փոխարեն, երբեմն լրացրել են իրենց բարեկամի կամ հարազատի քարտի տվյալներ: Այս դեպքում՝ եթե քարտապանի և դիմումատուի անունները տարբեր են, ապա աջակցության գումարն այդ քարտին չի նստելու: Այս պարագայում շահառուն հնարավորություն ունի անձնագրով մոտենալ բանկ և բանկը նույնականացնելով առձեռն այդ գումարը կվճարի շահառուին: Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ շահառուն իր նշած էլեկտրոնային հասցեով ու գաղտնաբառով կարող է մուտք գործել համակարգ, վերախմբագրել քարտային տվյալները և լրացնել անձամբ իր քարտային տվյալները:

-Արցախի Հանրապետության նախագահը հայտարարել էր, որ 68 հազարական դրամ աջակցության ծրագրում նաև իրենց բնակավայրերից տեղահանված չափահաս տղամարդիկ կընդգրկվեն: Նման գործընթաց մեկնարկե՞լ է:

- Տեղահանված և չափահաս տղամարդկանց ծրագրում ընդգրկելու վերաբերյալ առայժմ որևէ որոշում չկա: Ինչ վերաբերում է ԱՀ հաշվառում ունեցող, աշխատունակ ու առողջ չափահաս տղամարդկանց ծրագրում չընդգրկելուն, ապա պետությունն աջակցություն է ցուցաբերում նրանց ընտանիքի անդամներին, իսկ առողջ և աշխատունակ տղամարդիկ կարող են այս ժամանակահատվածում աշխատանք գտնել, վաստակել իրենց գումարը և հետագայում ֆինանսապես կախված չլինել պետական աջակցության ծրագրերից:

-Շահառուները հաճախ բարձրաձայնում են նաև հյուրընկալության ծրագրով նախատեսված աջակցության ուշացման մասին:

-Հյուրընկալության ծրագրի վճարումների ուշացումն Արցախում պայմանավորված է բնակարանների սեփականատերերի վերաբերյալ՝ կադաստրի կողմից տվյալների փոխանցման գործընթացի հապաղմամբ: Առկա են նաև խնդիրներ՝ կապված գրանցում և սեփականատեր հասկացությունները չտարբերակելու հետ: Հյուրընկալության համար նախատեսված պետական աջակցության գումարները փոխանցվում են բացառապես բնակելի տների կամ բնակարանների սեփականատերերին:

- Ինչ պետք է անեն քաղաքացիները՝ Ձեր նշած խնդիրներին հետագայում կրկին չբախվելու համար:

-Նախ՝ ուշադիր լինեն իրենց հաշվառմանը և փաստաթղթերին: Անպայման տեղեկանան պետռեգիստրում գրանցված ու հաշվառված լինելու մասին: Հնարավորինս՝ փորձեն դիմումները լրացնել համակարգչով, որով առավել տեսանելի են մուտքագրված տվյալները: Անպայման ընթերցեն դիմումը լրացնելու ուղեցույցը ու վերստուգեն մուտքագրված տվյալները: Եթե երեխան ունի և ծննդյան վկայական և անձնագիր, ապա լրացնել՝ անձնագրի տվյալները՝ կցելով ծննդյան վկայականը: Տվյալները լրացնելուց հետո անպայման սեղմել «Ավարտել դիմումի մուտքագրումը» հրահանգը: Բացի այդ, կոչ եմ անում՝ ամենօրյա պարբերականությամբ ստուգել էլեկտրոնային փոստն ու սպամերի բաժինը: Հնարավորինս զերծ մնալ հեռախոսով միանգամից բազմաթիվ քաղաքացիների համար դիմումներ լրացնելուց: Հարցեր առաջանալու դեպքում՝ ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության դիմումների աջակցության բաժինը կաջակցի դիմումները լրացնելու համար:

Հարցազրույցը՝ Վան Նովիկովի

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը