Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ի հաջողությունը կախված է տարածաշրջանային բարդությունների հաղթահարումից. Quincy Institute-ի հետազոտող

22 րոպեի ընթերցում

«Խաղաղության խաչմերուկ»-ի հաջողությունը կախված է տարածաշրջանային բարդությունների հաղթահարումից. Quincy Institute-ի հետազոտող

ԲՐՅՈՒՍԵԼ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի համար կարևոր է, որ տարբեր քաղաքական ուժեր ավելի համախմբված աշխատեն։ Սա ենթադրում է կառավարության ավելի ընդգրկուն լինելը և քաղաքական բանավեճերին տարբեր տեսակետների բովանդակային մասնակցություն թույլ տալը։ Միևնույն ժամանակ՝ ընդդիմությունը պետք է որդեգրի ավելի կառուցողական դիրքորոշում՝ կենտրոնանալով Հայաստանի առջև ծառացած ճգնաժամերը հաղթահարելու վրա, ոչ թե պարզապես կառավարությանը քննադատելու։ Նման միասնությունը, թեև հնարավոր համարելը գուցե լավատեսական հույս է, բայց վերջիվերջո անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը վերականգնվի և առաջ շարժվի որպես միասնական ազգ։

Նման համոզմունք հայտնեց Ամերիկյան Quincy Institute for Responsible Statecraft-ի հետազոտող Արթին Դերսիմոնյանը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Դերսիմոնյանն անդրադարձավ Հարավային Կովկասում փոփոխվող զարգացումներին, Թուրքիայի ազդեցության աճին, Ռուսաստանի հետ վերջինի «մրցակցային» հարաբերություններին և Ադրբեջանի միտումներին։  

-Պարոն Դերսիմոնյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին զարգացումները Հարավային Կովկասում։

-Վերջին չորս տարիների ընթացքում, հատկապես 2020թ․ սեպտեմբերի ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, տարածաշրջանային դինամիկաներում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Այս փոփոխություններն առավել ակնհայտ են դարձել վերջին երկու տարիների ընթացքում՝ հատկապես 2023թ․ սեպտեմբերից հետո, երբ ուժերի հավասարակշռությունը նկատելիորեն փոխվեց։ Սա երևում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական իրավիճակից, այլև պաշտոնական Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հռետորաբանությունից։

Բաքվում պաշտոնյաները հաճախ հանդես են գալիս ավելի վստահ և հաստատակամ ելույթներով։ Այս վստահությունը ամրապնդվում է ռազմական կարողություններով, որոնք Ադրբեջանը լուրջ կերպով զարգացրել է առնվազն մեկ ու կես տասնամյակ՝ այժմ լինելով այնպիսի մակարդակի վրա, որը նրանց վստահություն է ներշնչում։ Մյուս կողմից, Հայաստանում, անգամ ներկայիս կառավարությունը, որը վեց տարի առաջ հանդես էր գալիս ուժեղ ձայնով և վստահություն էր ներշնչում իր դիրքորոշմամբ, այժմ զգալիորեն ավելի զգուշավոր հռետորաբանություն ունի։ Այն աշխատում է վերակառուցել իր ռազմական և ռազմավարական կարողությունները, սակայն այդ անհանգստությունն ակնհայտ է ինչպես քաղաքականության, այնպես էլ հռետորաբանության մեջ։

Մոտենալով տարվա ավարտին՝ տարածաշրջանում առկա են բազմաթիվ ակնառու բաղադրիչներ։ Օրինակ՝ Իսրայելի և Ադրբեջանի միջև բեռնատար ավիաչվերթների ավելացումը, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության ոլորտի պաշտոնյաների հանդիպումները, ինչպես նաև հռետորական հակասությունների աճն ընդգծում են տարածաշրջանում անվտանգության առումով առկա անկայուն ու վտանգավոր պահը։

Անհանգստություն կա, որ COP29 գագաթնաժողովից և ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո՝ հատկապես Թրամփի հաղթանակով, Ադրբեջանը կարող է օգտվել ամերիկյան արտաքին քաղաքականության ենթադրյալ փոփոխություններից՝ իր դիրքորոշումը ավելի կոշտ կերպով առաջ մղելու համար։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե Վաշինգտոնի նոր վարչակազմը ինչպես կարձագանքի հնարավոր սրացումներին։ Արդյոք այն կգործի նույնքան հաստատակամ, որքան Բայդենի վարչակազմը՝ սահմանային կրակոցներին ի պատասխան։

2024 թվականին բազմաթիվ ճգնաժամեր կամ ի հայտ եկան, կամ շարունակվեցին՝ չգտնելով ամբողջական լուծումներ։ 2025թ․ շեմին, հավանական է, որ այս մարտահրավերներն ավելի սուր կդառնան։ 

-Ի՞նչ նախադրյալներ են անհրաժեշտ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար։ Որոնք են անհրաժեշտ քայլերը Հարավային Կովկասում տևական խաղաղություն և տարածաշրջանային կայունություն ապահովելու համար։

-Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և իրական խաղաղություն հաստատելու համար, անհրաժեշտ է ավելին, քան ընդամենը 16 կամ 17 կետերից բաղկացած փաստաթուղթ ստորագրելը։ Արդար խաղաղությունը սերունդների աշխատանք է, եթե ոչ ավելին, որը պահանջում է հայերի ու ադրբեջանցիների միջև հարաբերությունների արմատական վերակառուցում։ Սա կարող է ներառել, օրինակ՝ այն ադրբեջանցիների վերադարձը, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում, և այն հայերի վերադարձը, որոնք ապրել են Բաքվում և Ադրբեջանի այլ շրջաններում։ Նման նպատակներն իրական հաշտեցման երկարաժամկետ տեսլական են ներկայացնում։

Կարճաժամկետ հեռանկարում մենք կարող ենք ակնկալել այն համաձայնագրի ստորագրումը, որը քննարկվում է վերջին տարիների ընթացքում։ Ամեն տարի Հայաստանի, Ադրբեջանի և այլ շահագրգիռ կողմերի պաշտոնյաները հայտարարում են, որ այն կկնքվի տարեվերջին, սակայն դա դեռ չի իրականացել։

Այդուհանդերձ, Ադրբեջանը, այս գործընթացի ողջ ընթացքում, կարծես շահագրգռված է ձգձգելու և տեսնելու, թե ավելին ինչ կարող է ստանալ։ Տարածաշրջանային զարգացումները կարող են այս հարցում լրացուցիչ ազդեցություն ունենալ։ Օրինակ՝ եթե ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները, որոնք նախաձեռնել է Թրամփը Ուկրաինայի շուրջ, ձախողվեն, կամ եթե Իրանում, Մերձավոր Արևելքում նոր անկայունություն առաջանա, Ադրբեջանը կարող է դա դիտարկել որպես իր դիրքերը ամրապնդելու հնարավորություն։ Նմանապես, եթե Ֆրանսիան կամ Եվրամիությունը բախվեն ներքին ճգնաժամերի, կամ Թուրքիան շարունակի իրեն համարձակ ու վստահ զգալ, օրինակ՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից ելնելով, Ադրբեջանը կարող է այդ իրավիճակները օգտագործել դիվանագիտական կամ ռազմական առումով։

Այս պահին կայուն խաղաղությունը թվում է հեռավոր հեռանկար։ Կարճաժամկետ առումով՝ արդեն կարևոր կլինի պահպանել ներկայիս իրավիճակը՝ բռնությունների ցածր մակարդակը։

Կարևոր կլինի նաև դիտել, թե ինչպես ԱՄՆ նոր վարչակազմը կներգրավվի Հարավային Կովկասում։ Վրաստանի հետընտրական դեռևս զարգացող իրավիճակը, հավանաբար, կլինի նոր Կոնգրեսի ուշադրության կենտրոնում, և դեռ պարզ չէ՝ արդյոք Թրամփի վարչակազմը կշարունակի նույն մոտեցումը, ինչ Բայդենի վարչակազմը։

Սա վերաբերում է նաև Հայաստանին և Ադրբեջանին։ Արդյոք Թրամփի պետքարտուղարությունը նույնքան ակտիվորեն կմասնակցի, որքան Բայդենինը։ Արդյոք նոր Ազգային անվտանգության խորհրդականը կփորձի՞ նպաստել հայ-ադրբեջանական երկխոսությանը, թեկուզ միայն չեզոք հանդիպման վայրի դերակատարությամբ։

Կարճաժամկետ լավագույն սցենարը ներառում է թշնամական գործողությունների սահմանափակում կամ բացակայություն, շարունակվող դիվանագիտական ներգրավվածություն և երկու կողմերի միջև թշնամական հռետորաբանության նվազում։

Սակայն կարևոր թեմաների շուրջ երկխոսություն չկա, որոնք խաղաղության համար նշանակալի են։ Օրինակ՝ կկարողանա՞ն կողմերը համատեղ կառավարել բնապահպանական խնդիրները։ Կկարողանա՞ն իմաստալից կերպով ապառազմականացնել իրենց սահմանը՝ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն։ Նման գործնական հարցերի հասցեագրումը կլինի դրական նշան տարածաշրջանային խաղաղության իրական առաջընթացի ուղղությամբ։

Հայաստանում կան տարբեր ձայներ, որոնք ներկայացնում են տարբեր տեսակետներ։ Մի կողմից՝ ընդդիմադիր ձայները, որոնք հաճախ ծայրահեղ քննադատական են, հակված են իրավիճակը ներկայացնել որպես ճգնաժամային՝ «վերջ և կործանում» մոտեցմամբ։ Ամեն ինչ դիտարկվում է որպես զիջում կամ ձախողում։ Մյուս կողմից՝ կառավարությունը և աջակիցները, չնայած որոշ անհանգստություն և զգուշություն են արտահայտում, ավելի լավատեսական տոն են ընտրել։

Իրականությունը, սակայն, գտնվում է այս երկու ծայրահեղությունների միջև։ Հայաստանի ներկայիս իրավիճակն անկասկած փխրուն է՝ հավանաբար ամենաանորոշը անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Չնայած կառավարությունը գիտակցում է այս մարտահրավերները, հասկանալի է, որ նրանք փորձում են կայունություն և վերահսկողություն ցուցադրել։ Սակայն վերջին հինգ տարիները ցույց են տվել, որ իրադարձությունները հաճախ զարգանում են ավելի արագ, քան կառավարությունը կարող է արձագանքել կամ կանխատեսել։

Հայաստանի համար կարևոր է, որ տարբեր քաղաքական ուժեր ավելի համախմբված աշխատեն։ Սա ենթադրում է կառավարության ավելի ընդգրկուն լինելը և քաղաքական բանավեճերին տարբեր տեսակետների բովանդակային մասնակցություն թույլ տալը։ Միևնույն ժամանակ՝ ընդդիմությունը պետք է որդեգրի ավելի կառուցողական դիրքորոշում՝ կենտրոնանալով Հայաստանի առջև ծառացած ճգնաժամերը հաղթահարելու վրա, ոչ թե պարզապես կառավարությանը քննադատելու։ Նման միասնությունը, թեև հնարավոր համարելը գուցե լավատեսական հույս է, բայց վերջիվերջո անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը վերականգնվի և առաջ շարժվի որպես միասնական ազգ։

-Մերձավոր Արևելքի իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ միջազգային դերակատարները ձգտում են ուժեղացնել իրենց ազդեցությունը անկայուն և անորոշ տարածաշրջաններում։ Ի՞նչ ուժային խաղեր եք դիտարկում Հարավային Կովկասում։ Ի՞նչ ազդեցություն և նպատակներ ունի կոլեկտիվ Արևմուտքը Հարավային Կովկասում։ 

-Վերջին չորս տարիների ընթացքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն հիմնականում արձագանքել են Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձություններին, այլ ոչ թե պրոակտիվ կերպով ձևավորել իրավիճակը։ Դա ակնհայտ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմամբ։

Այս առաքելությունը հետևեց 2022 թ. սեպտեմբերյան էսկալացիաներին, երբ Երևանը դժգոհություն հայտնեց ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի արձագանքի և աջակցության առնչությամբ։ Արդյունքում, Հայաստանը նախընտրեց ԵՄ քաղաքացիական առաքելություն, որը հիմնականում հաջողված է։ Առաքելությունն ընդլայնվել է թե՛ ծավալով, թե՛ գործունեության շրջանակով, և ինչպես Հայաստանի կառավարությունը, այնպես էլ եվրոպացի պաշտոնյաները շահագրգռվածություն են արտահայտել այդ մանդատի երկարաձգման հարցում։

Այնուամենայնիվ, այս առաքելությունն անխուսափելիորեն արծարծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավելի լայն գործընթացում։ Ադրբեջանի տեսանկյունից, նախընտրելի է, որ իր սահմանի երկայնքով չլինեն որևէ արտաքին ուժեր՝ նույնիսկ անզեն դիտորդներ։

-Ինչպե՞ս կբացատրեք Ադրբեջանի կեցվածքը ԵՄ դիտորդական առաքելության և դրան առնչվող հարցերի վերաբերյալ։

-Ադրբեջանի դիրքորոշումը մասամբ պայմանավորված է սրացման վտանգով։ Եթե հակամարտությունը վերսկսվի, Ադրբեջանը չի ցանկանում պատասխանատվություն կրել եվրոպացի դիտորդների վնասման համար։ Սակայն այստեղ գործում է նաև ավելի լայն դինամիկա. Ադրբեջանը իրեն դիտարկում է որպես Հարավային Կովկասի գերիշխող ուժ և ձգտում է թելադրել իր պայմանները Հայաստանին։ Սա նկատելի է տարբեր պահանջներում, օրինակ՝ սահմանափակել Հայաստանի կողմից նոր զինատեսակների ձեռքբերումը կամ դեմ լինել սահմանին երրորդ կողմի ներկայությանը։ Ադրբեջանի ուղերձը Հայաստանին, ըստ էության, հետևյալն է․ «Մենք ենք սահմանում կանոնները, և դուք պետք է հետևեք դրանց՝ այլապես կկրեք հետևանքները»։ Չնայած այդ հետևանքները միշտ հստակ չեն, անցյալի գործողությունները ցույց են տվել, թե ինչ կարող են դրանք լինել։

Մյուս կողմից, Հայաստանը շարունակում է հաստատել իր ինքնիշխանությունը, հատկապես այնպիսի հարցերում, ինչպիսիք են դիտորդական առաքելությունները և զենքի գնումները։ Հայաստանի կառավարության դիրքորոշումն այն է, որ այս որոշումները երկրի ներքին գործն են և չեն կարող թելադրվել արտաքին ուժերի կողմից։

Այս իրավիճակը որոշ չափով համընկնում է Ռուսաստանի՝ Ուկրաինայի վերաբերյալ հռետորաբանությանը, որը սպառազինումն օգտագործում է որպես կանխարգելիչ գործողությունների հիմնավորում։ Ադրբեջանը երբեմն օգտագործում է նմանատիպ փաստարկներ՝ նշելով, որ կարող է գործել, եթե Հայաստանի կողմից սպառնալիք տեսնի։ Այս հռետորաբանությունը կարող է օգտագործվել ագրեսիվ գործողություններն արդարացնելու համար, նման այն քաղաքականությանը, որով Իսրայելը ներկայում գործում է Սիրիայում. «Նպատակները կարևոր չեն, կարևորը ներուժն է»։

Հայաստանի համար մարտահրավերը այս դինամիկաների զգույշ կառավարումն է։ Պրովոկացիաները կանխատեսելուց զատ, Հայաստանը պետք է շարունակի առաջնահերթ համարել իր անվտանգությունը և գործել սեփական ազգային շահերից ելնելով։ 

-Վերադառնալով Արևմուտքի ներգրավմանը Հարավային Կովկասում...

-Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ վերջին տարիներին Արևմուտքի ներգրավման ամենահաջողված ոլորտը եղել է ԵՄ դիտորդական առաքելությունը։ Ինչպես նշեցինք, բանակցությունների ժամանակ, ԱՄՆ-ն և ԵՄ-ն երբեմն մասնակցել են որպես միջնորդներ, երբեմն՝ որպես բանակցային գործընթացի հեշտացնողներ, ինչը կարևոր է։ Եթե առաջանա հնարավորություն, որ եվրոպացիները կամ ամերիկացիները կրկին խաղան այդ դերը, ես կարծում եմ՝ դա պետք է անել։ Դա օգտակար է, արդյունավետ, և նպաստում է բարի գործի։

Բայց, ի վերջո, կա աշխարհագրության հարցը։ Իհարկե, ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ հաղորդակցությունը լեռներով կամ օվկիանոսով նույնքան բարդ չէ, որքան նախկինում։ Սակայն, երբ հարցը բարդանում է, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը գտնվում են երեք շատ խոշոր ու կարևոր տերությունների հարևանությամբ, որոնք այստեղ են հարյուրավոր տարիներ։ Ֆրանսիայի՝ զենք մատակարարելու օրինակն էլ է դա ցույց տալիս։ Այդ մատակարարումը չի կարող պարզապես հատել սեփական սահմանը, ինչպես օրինակ Բելգիայի կամ Գերմանիայի դեպքում։ Այն պետք է անցնի այլ դերակատարների տարածքով։ 

Թե ինչպիսին կլինի տարածաշրջանային իրավիճակը 2025թ. չափազանց անորոշ է։ Եթե «Վրացական երազանքը» մնա իշխանության, հնարավոր է, որ դա որևէ կերպ սահմանափակի այդ առևտուրը։ Կամ գուցե վերջին ամիսներին Երևանի ցուցաբերած աջակցությունը փոխհատուցվի՝ թույլ տալով շարունակել այդ մատակարարումները։ Եվրոպացիները և ամերիկացիները գիտեն, որ այս աշխարհագրական գործոնը շատ կարևոր է։ Հայաստանի կառավարությունն էլ դա գիտակցում է։ Կարծում եմ՝ մենք կտեսնենք շարունակվող ներգրավվածություն՝ տնտեսական աջակցություն, զարգացման ծրագրերի ֆինանսավորում և քաղաքացիական հասարակության աջակցություն, որն աննախադեպ աճել է վերջին երկու տարիներին։ Հուսով եմ՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն նաև կաջակցեն Հայաստանում ինստիտուցիոնալ կառուցվածքի ամրապնդմանը՝ բացի գործող իշխանությանը և նրա ժողովրդավարական վարկանիշին պարզապես աջակցելուց և հավանություն տալուց։

Հայաստանի համար ամենակարևոր պահանջը անվտանգությունն է։ Առանց անվտանգության՝ օտարերկրյա ներդրողները չեն ցանկանա մեծ գումարներ ներդնել, իսկ Հայաստանի կառավարությունը նույնիսկ հնարավորություն չի ունենա մտածել մյուս խնդիրների մասին։ Հավասարակշռությունը մշտապես եղել է խնդիր. այն կամ այս ուղղությամբ է, կամ այն։ Հայաստանը պետք է սովորի «խաղալ հավասարակշռության խաղը»՝ թե՛ իր տարածաշրջանում, թե՛ աշխարհում ավելի լայն շրջանակում։

-Հայաստանը փորձում է նորմալացնել իր հարաբերությունները ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի դերը հայ-ադրբեջանական հարաբերություններում և ընդհանուր տարածաշրջանում։

-Հակիրճ, Սիրիայի զարգացումները կարելի է դիտարկել որպես Թուրքիայի հավակնությունների և շահերի ավելի լայն բնութագրություն։ Մոտ մեկ տասնամյակ առաջ, երբ Իրանը և Ռուսաստանը ակտիվորեն ներգրավվեցին Սիրիայում, դա խոչընդոտեց Թուրքիայի այդ ժամանակվա նպատակներին։ Սակայն այժմ, ինչպես տեսանք մոտ մեկ ամիս առաջ՝ Հալեպի վրա հարձակումից հետո, Թուրքիայի հովանավորած ուժերը կամ այն խմբավորումները, որոնց աջակցում է, օրինակ՝ HTS-ը, փոխեցին իրավիճակը։ Ասադի դիրքերի թուլացման, Իրանի ազդեցության անկման և Ռուսաստանի լարված իրավիճակի ֆոնին, Թուրքիան բարելավել է իր դիրքերը տարածաշրջանում։

Թուրքիայի և Ռուսաստանի միջև մրցակցությունը միշտ է եղել։ Այսօր այն առանձնահատուկ է նրանով, որ այլևս սահմանափակված չէ ավանդական տարածքներով։ Թուրքիայի հավակնությունները ձգվում են Լիբիայից մինչև Մերձավոր Արևելք, Բալկաններ, Սև ծով, Հարավային Կովկաս և դրանից դուրս։ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում հաճախ կա «մրցակցային համագործակցություն»։ Չնայած Մոսկվայում շատերը կարող են պատկերացնել ավելի շատ համագործակցություն, քան մրցակցություն, Անկարան հակված է հակառակին։

Հարավային Կովկասում Թուրքիայի դերն աճում է։ Սակայն, չնայած Թուրքիային սերտորեն կապված լինելուն, Ադրբեջանը չի ցանկանում մնալ «կրտսեր եղբոր» դերում։ Ադրբեջանը փորձում է ձեռք բերել ավելի մեծ ճկունություն՝ ամրապնդելով կապերը Ռուսաստանի հետ։ Դա հետաքրքիր դինամիկա է, որին պետք է հետևել, քանի որ Ադրբեջանը փորձում է պահպանել համագործակցությունը Թուրքիայի հետ, միաժամանակ խթանելով իր ինքնուրույնությունը։

-Յուրաքանչյուր երկիր տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ունի իր դիրքորոշումը։ Ադրբեջանը կոչում է դա «Զանգեզուրի միջանցք», Իրանը՝ «Արաքսի միջանցք», իսկ Հայաստանի իշխանությունները՝ «Խաղաղության խաչմերուկ»։ Ի՞նչ մոտեցում ունեք այս նախագծի վերաբերյալ, և որքանո՞վ է այն համահունչ Արևմտյան ուժերի շահերին։

-Ամերիկյան տեսանկյունից, Բայդենի վարչակազմը և Պետդեպարտամենտի պաշտոնյաները հստակ հասկացրել են, որ սա մեծ ներուժ ունեցող երթուղի է, որը Թուրքիան և Եվրոպան Հարավային Կովկասի միջոցով միացնում է Կենտրոնական Ասիային։ Այն շրջանցում է Ռուսաստանը և Իրանը, ինչը վաղուց եղել է Արևմուտքի նպատակներից մեկը, ինչպես դա նկատվել է 1990-ականների էներգետիկ ծրագրերում։ Եվրոպացիների համար նույնպես Ռուսաստանը և Իրանը շրջանցելու կարևորությունն ակնհայտ է, հատկապես վերջին լարվածության ֆոնին։

Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը ակտիվորեն առաջ է մղվում։ Սակայն առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացման, այս նախագիծը մնում է միայն թղթի վրա՝ ապագա հնարավորությունների և ներդրումների քննարկումների մակարդակում։ Տարածաշրջանային առումով, առևտրի և կապուղիների թեմաները դարձել են առավել ակտուալ Ուկրաինայի պատերազմից հետո։ Ուստի Հայաստանի համար կարևոր է հաշվի առնել՝ որքանով են իր ծրագրերը համընկնում (կամ չեն համընկնում) հարևանների նպատակների հետ։

Կարճաժամկետ հեռանկարում նման կապուղիները ենթադրական են, սակայն երկարաժամկետ հեռանկարում դրանք կարող են նշանակալի դառնալ։ Հաջողությունը կախված է տարածաշրջանային բարդությունների հաղթահարումից, համաձայնությունների ձեռքբերումից և հարաբերությունների հավասարակշռումից։

Եվրոպացիների և ամերիկացիների համար այս առևտրային ուղիների բացման հանդեպ հետաքրքրությունը հուշում է, որ նրանք շահագրգռված են նաև հարաբերությունների նորմալացման գործում։ Իմ մտահոգությունն այն է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը, գուցե չափազանց շտապելով, ձգտում են համաձայնության հասնել նույնիսկ այն դեպքում, երբ այդ համաձայնությունը չի երաշխավորում կայուն խաղաղություն, միայն թե նախագիծը որոշակի առաջընթաց գրանցի։ Սակայն դա էլ երաշխավորված չէ։ Կարող ենք ունենալ հարաբերությունների նորմալացում, բայց նախագիծը ինչ-որ պատճառով կարող է կանգ առնել։

Վերջիվերջո, Թրամփի վարչակազմը, որը պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին, անշուշտ շատ այլ առաջնահերթություններ կունենա, որոնք ավելի կարևոր կլինեն, քան Հարավային Կովկասը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում