Ավագ շաբաթ. Հայ առաքելական եկեղեցիներում Սբ Զատկի ճրագալույցի պատարագ է մատուցվում

4 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի Սբ Գայանե վանքում Մայր Աթոռի միաբանությունը՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, բազմաթիվ հավատացյալներ մասնակցում են Ավագ շաբաթվա ճրագալույցի պատարագին:Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Ապրիլի 3-ին ճրագալույցի պատարագ է մատուցվում Հայ առաքելական եկեղեցիներում: Ապրիլի 4-ին Սբ Հարության՝ Զատկի տոնն է:

Հինգ տաղավար տոներից Սուրբ Զատիկը քրիստոնյայի կյանքում կարևոր և մեծագույն տոն է: Մեծ Պահքի վերջին շաբաթը կոչվում է «Ավագ շաբաթ» կամ «Չարչարանաց շաբաթ»: Շաբաթվա յուրաքանչյուր օրը ներկայացնում է Փրկչի` Հիսուս Քրիստոսի երկրային կայնքի վերջին օրերը և հավատացյալներին մոտեցնում է Սուրբ Հարության հաղթանակին: Այս շաբաթվա ընթացքում տեղի են ունենում փրկության համար ամենակարևոր իրադարձությունները: Ավագ շաբաթը բացահայտում է, որ իրականում պետք է ապրել բոլոր այն պատվիրաններով և պատգամներով, որ Քրիստոս փոխանցեց մարդկությանը: Ավագ շաբաթ օրը հիշատակվում է Հիսուսի թաղումը և գերեզմանի կնքվելը: Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով ու դրվում գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ քանի որ ըստ հրեական օրենքի շաբաթ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի մարմինը: Քրիստոս գերեզման դրվելով` իջնում է դժոխք և ավերում այն, իսկ երրորդ օրը հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր ասել:

Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցի պատարագը արդեն իսկ ամբողջությամբ մուտք գործել է տալիս Հարության խորհրդի մեջ: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ:

Վերջում ներկաները խորանի կանթեղից վառում են իրենց մոմերը և տանում իրենց տները՝ լուսավորելու համար աշխարհը լուսավորող Քրիստոսի լույսով: Ճրագալույցի Պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը: Սուրբ Հարության ավետիսով ավարտվում է 48 օր առաջ սկսված Մեծ պահքը, որը լուծվում է ձկով, հավկիթով և չամիչով փլավով:

Սբ Զատկի ճրագալույցի Պատարագի ավարտին պատարագիչ քահանան Սուրբ Սեղանը սպասավորող սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ՝ մոմերով, բուրվառով, հարության պատկեր խաչվառով, քշոցներով ու ծնծղաներով հանդիսավոր թափոր կազմած իջնում է խորանից և ատյանում կատարվում է նախատոնակի արարողություն: Ավետարանի ընթերցումից հետո հանդիսապետ հոգևորականը «Այսօր հարյաւ» և «Քրիստոս հարյաւ» շարականների, տաղերի ու հոգևոր երգերի երգեցողության ներքո բուրվառով խնկարկում է եկեղեցում հավաքված հավատացյալներին և ի լուր ամենքի հնչեցնում է կյանք պարգևող ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Եվ եկեղեցին՝ Քրիստոսի Հարության ուրախությամբ որպես մեկ ամբողջություն, ի պատասխան հնչեցնում է «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Հայերեն

Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ. CivilNetCheck

Դպրոցականները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները