Քաղաքականություն

Գորգիսյանը վերահաստատում է՝ անկախ ընտրակարգից, ԼՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին

3 րոպեի ընթերցում

Գորգիսյանը վերահաստատում է՝ անկախ ընտրակարգից, ԼՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստանը», թեև դեմ է ընտրություններից առաջ ռեյտինգային ընտրակարգը վերացնելուն և փակ ցուցակներով համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացման տարբերակին, սակայն ամեն դեպքում կմասնակցի ընտրություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Գորգիսյանը նախ հիշեցրեց, որ դեռ 2016-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկել է ընտրությունների անցկացման համար բաց ցուցակով համամասնական ընտրակարգի:

«2019-ից սկսվել են ԱԺ-ում աշխատանքներ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վրա, և մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել այդ գործընթացների մեջ: ԼՀԿ-ն առաջարկել է բաց համամասնական ընտրակարգ»,- ասաց նա ու ներկայացրեց բաց համամասնական ցուցակի առավելությունները:

Պատգամավորը նշեց, որ իրենց առաջարկով տարբերակը հիմնական տարբերակին զուգահեռ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով:

«Խաղի կանոնները պրոցեսի ընթացքում փոխել չի կարելի ընդհանրապես: Ինչքան էլ խաղի կանոնները հեշտացվեն, բարդացվեն, լավացվեն, վատացվեն, միևնույն է՝ գործընթացը արդեն իսկ սկսված է»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է անելու ԼՀԿ-ն, եթե իշխանությունը ի վերջո փոխի ընտրակարգը, հանի ռեյտինգայինը՝ Գորգիսյանն ասաց. «Կարևոր է ընտրությունները որևէ կերպ չհետաձգելը, կարևոր է դրանց լեգիտիմությունը, կարևոր է, որ դրանով թոթափվի այն լարվածությունը, որ այսօր կա: Դրա համար են մենք նաև պնդում, որ այսօր խաղի կանոնները փոխել պետք չէ: Բայց, եթե այդպես լինի, միևնույն է, «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է»,- նշեց նա:

Ըստ նրա՝ եթե իշխանությունը հակված է գործելու խաղի իր կանոններով, ամեն ինչ իրեն հարմարեցնելով, դա առաջին հերթին վնասելու է ընտրությունների լեգիտիմությանը, լարվածության թոթափմանը ընտրություններից հետո:

Իշխանությունը հակված է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ընտրակարգը: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթով, որն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, նախատեսվում է փակ ցուցակով պարզ համամասնական ընտրակարգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում