Քաղաքականություն

Ընտրակարգի փոփոխության մեր հանձնառությունը որևէ մեկի համար անակնկալ չի եղել. «Իմ քայլի» պատգամավոր

3 րոպեի ընթերցում

Ընտրակարգի փոփոխության մեր հանձնառությունը որևէ մեկի համար անակնկալ չի եղել. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը վստահեցնում է, որ ընտրակարգը փոխելու՝ ռեյտինգայինը հանելու իշխանության հանձնառությունը որևէ մեկի համար անկանկալ չէ, այդ մասին շատ է նշվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոնջորյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում:

Նա շեշտեց, որ ընտրակարգ փոխելու վերաբերյալ որոշման մասին գործընթացի կեսից չի ասվում: Կոնջորյանը վստահեցրեց, որ իշխանության այդ քաղաքական հանձնառության մասին մշտապես նշվել է, ասվել է, որ պատրաստվում են փոփոխություններ մտցնել Ընտրական օրենսգրքում, հանել ռեյտինգային ընտրակարգը:

«Այսինքն, այնպես չէ, որ մենք ասել ենք, որ մենք պահելու ենք ռեյտինգայինը և անակնկալ, հանկարծ ասել ենք, որ գնում ենք պարզ համամասնական ընտրակարգի: Խաղի կանոնները ոչ թե բարդանում են, այլ պարզեցվում են: Մեր քաղաքացիների համար քվեարկության, ընտրության գործընթացը պարզեցվում է, քարոզարշավի տրամաբանությունը, ԿԸՀ-ի համար գործընթացը պարզեցվում է»,-ասաց նա:

Պատգամավորը լեգիտիմ հիմք է տեսնում՝ պնդելու, որ խաղի կանոնների փոփոխությունը բացասական տեսանկյունից ներկայացնելը ամենևին հիմք չունի: «Մանավանդ, որ մենք նշում ենք, որ խաղի կանոնների՝ ընտրակարգի փոփոխության վերաբերյալ մեր հանձնառությունը որևէ մեկի համար անակնկալ չի եղել»,- նշեց նա:

Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ նախորդ ընտրությունները տեղի են ունեցել և՛ համամասնական, և՛ ռեյտինգային ընտրակարգով, երկու մոտեցումն էլ կան գործող Ընտրական օրենսգրքի մեջ: «Հիմա խոսքը ռեյտինգային ընտրակարգը հանելու մասին է: Ինչի արդյունքում խաղի կանոնները ոչ թե բարդանում, այլ պարզեցվում են»,- ասաց նա:

Այսպիսով, նա չի կարծում, որ ընտրակարգի փոփոխությունը կհանգեցնի խաղի կանոնների այնպիսի փոփոխության, որը խնդիրներ կառաջացնի քաղաքական միավորների համար:

Իշխանությունը հակված է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ընտրակարգը: «Լուսավոր Հայաստանը», սակայն, դեմ է արտահայտվում ընտրություններից առաջ ընտրակարգը փոխելուն: «Բարգավաճ Հայաստանից» էլ նշում են, որ կգնան ընտրությունների այն ընտրակարգով, որը կընտրի խորհրդարանական մեծամասնությունը, իրենց համար առաջնային է ընտրությունների արդար անցկացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում