Առողջապահություն, շինարարություն, արդյունաբերություն. որ ոլորտներում աշխատատեղերի խիստ պահանջարկ կա

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության զբաղվածության տարածքային կենտրոններն ունեն գործատուներից ստացված 1674 թափուր աշխատատեղի մասին հայտեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ բարձր որակավորման մասնագետ պահանջող թափուր աշխատատեղերի ցանկում գերակշռում է առողջապահության ոլորտը:

«Ինչպես գիտենք, Հայաստանի աշխատաշուկայում բարձր որակավորում պահանջող թափուր աշխատատեղեր ամենից շատ առկա են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն մեզ մոտ ներկայացված հայտերում գերակշռում է առողջապահական բնագավառը: Քովիդով պայմանավորված բուժաշխատողների թվի ավելացման անհրաժեշտություն կա՝ բժիշկներ, նեղ մասնագետներ, բուժքույրեր»,-ասաց Ժորա Սարգսյանը:

Կան թափուր աշխատատեղերի կրկնվող հայտարարություններ, երբ երկար ժամանակ դրանք չեն համալրվում: Ժորա Սարգսյանի խոսքով, օրինակ, առկա է բանվորների 300-ից ավելի թափուր աշխատատեղ: Դրա մի մասը չի լրացվում՝ կապված աշխատանքային պայմանների, ցածր աշխատավարձի հետ:

Ժորա Սարգսյանը նկատեց, որ թափուր աշխատատեղերի հայտեր ստանում են նաև ծառայությունների, սպասարկման, առևտրի ոլորտներից: Թեպետ այդ միտումները համեմատելու չեն մինչ համավարակը եղած իրավիճակի հետ:

«Հաշվի առնելով, որ ներկայում լոքդաուն այլևս չկա և տնտեսության ոլորտները սահմանափակում չունեն գործունեության հետ կապված, ապա կարող ենք ասել, որ ավելի լավ պայմաններ կան աշխատաշուկայում, քան եղել է այն ժամանակահատվածում, երբ քովիդով պայմանավորված խնդիր կար»,-ասաց Ժորա Սարգսյանը: Ինչ վերաբերում է աշխատանք փնտրողների ցուցանիշին, ապա նախարարության ներկայացուցիչը նշեց, որ զբաղվածության տարածքային մարմիններում հաշվառված է 63 հազար 23 գործազուրկ: Ինչը նախորդ տարվա համեմատ շատ չնչին է փոխվել:

Staff.am կարիերայի հարթակը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետը (ԳՏՖ) համատեղ իրականացրել են աշխատաշուկայի վերլուծություն: «Արմենպրես»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ համավարակը բացասաբար է ազդել տնտեսության բոլոր ոլորտների վրա: Մասնավորապես, բոլոր ոլորտները ներկայացնող ընկերություններն ավելի սակավ աշխատանքի հայտարարություններ են տեղադրել հարթակում:

Առավել քիչ տուժած ոլորտներն են` «Ծրագրավորումը» և «ՏՏ ոլորտի այլ ենթաոլորտները»: Համավարակի թվերի որոշակի անկումից հետո որոշ ոլորտներում արձանագրվել է հայտարարությունների թվի աճ: Վերը նշված երկու ոլորտներում աճը հանգեցրել է ոչ միայն մինչհամաճարակային հայտարարությունների թվի վերականգնման, այլ այն գերազանցել է մինչհամաճարակային մակարդակը: Բանկային ոլորտն անկումից հետո շարունակում է պահպանել հայտարարությունների թվի նույն հետհամաճարակային մակարդակը: Վաճառքի և մարքեթինգի ոլորտները համաճարակի պատճառով ևս անկում են գրանցել, և հետհամաճարակային շրջանում պարբերաբար տատանումներ են գրանցում, սակայն տատանումների ընթացքում երբևէ չեն հասել մինչհամաճարակային մակարդակներին:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով, աշխատաշուկայում վիճակը դեռ այնքան էլ հաջող չէ, խնդիրները տարբեր ուղղություններով են:

«Մենք մի քանի խնդիրներ ունենք: Նախ` այն, որ մենք տղամարդկանց աշխատուժ ենք կորցրել պատերազմի հետևանքով: Շատերը զոհվել են, շատերը վիրավորվել: Այսօր շատ ընկերություններ ունեն աշխատողի էական դեֆիցիտ: Դա լուրջ թիվ է, որը պետք է լրացվի»,-ասաց Գագիկ Մակարյանը: Հաջորդ խնդիրը, ըստ Գագիկ Մակարյանի, աշխատաշուկայում ունենք ավելացած գործազրկություն՝ պայմանավորված կորոնավիրուսով, պատերազմով, որովհետև տարբեր ընկերությունների գործունեությունը խաթարվել է: Երրորդ խնդիրն այն է, որ համավարակը առաջ բերեց թվային տեխնոլոգիաներով, ինտերնետով աշխատելու աշխատանքային նոր պահանջներ, բայց ոչ բոլոր աշխատողներն էին տիրապետում: Այստեղ, Գագիկ Մակարյանը կարևոր է համարում կրթական հատվածում փոփոխությունները:

«Աշխատաշուկայի կարիքներին ոչ միշտ է կարողանում կրթական համակարգն արձագանքել: Դա նախկինից եկող խնդիր է, բոլոր ժամանակներում էլ այդ խնդիրն առկա է: Մասնագիտական կրթական համակարգում մենք դեռ չենք կարողանում ճիշտ գնահատել աշխատաշուկայի կարիքները, այն է, թե որ մասնագիտություններն են պահանջված, որոնք պետք է ուսուցանվեն, և երկրորդը՝ ինչ քանակով պիտի կադրեր ուսուցանվեն»,-ասաց Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով, երիտասարդները հաճախ չեն գնում արդյունաբերական ճյուղերում մասնագիտանալու: Այսօր գործատուների ներկա պահանջարկը տնտեսության համարյա բոլոր ճյուղերում կա: Ամենամեծ կադրային դեֆիցիտը կա շինարարության մեջ՝ բանվորից մինչև պատ շարող պահանջարկ կա, մետամղամշակման, կարի ոլորտում թափուր աշխատատեղեր կան և այլն:

Ստացվում է մի կողմից համավարակի հետևանքով տարբեր ոլորտների հասցված վնասով պայմանավորված բազմաթիվ մարդիկ գործազուրկ դարձան, մյուս կողմից ասում ենք, որ գրեթե բոլոր ոլորտներում թափուր աշխատատեղ կա. ի պատասխան այս դիտարկմանը, Գագիկ Մակարյանը նշեց, որ համապատասխան որակավորման խնդիր կա:

«Նրանք, որոնք գործազուրկ են դարձել, օրինակ, հանրային սննդից, տուրիզմի ոլորտից, արդյունաբերության մեջ չեն կարող աշխատել, պետք է վերապատրաստվեն: Հաջորդ խնդիրը՝ առանց կորոնավիրուսի էլ այդ մասնագիտությունների մեծ մասով երիտասարդները չեն գնում աշխատել, այդ տեղերը տարիներ շարունակ չեն լրացվում, դրա համար տարիքով մարդիկ են շարունակում աշխատել, որի արդյունքում էլ պակասում է արտադրողականությունը»,-հավելեց Գագիկ Մակարյանը:

Աննա Գզիրյան

Հայերեն Русский

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել