Քաղաքականություն

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ողջունում է հայ գերիներին ազատ արձակելու մասին եվրապատգամավորների հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ողջունում է հայ գերիներին ազատ արձակելու մասին եվրապատգամավորների հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ողջունել է Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից հնչեցված հայտարարությունը, որով նրանք կոչ էին արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել գերեվարված բոլոր հայերին:

«Մենք ողջունում ենք Եվրախորհրդարանի անդամներ Մարինա Կալյուրանդի, Անդրեյ Կովաչևի և Ժելյանա Զովկոյի կողմից արված հայտարարությունը, որով կոչ է արվում Ադրբեջանին առանց հապաղման ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Հայտարարությունն արվել էր Human Rights Watch կազմակերպության հրապարակած զեկույցից հետո, որտեղ պատմվում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների ու բռնությունների մասին:

Հայտարարությունը ստորագրած անձինք Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով ամենատեղեկացված պատգամավորներն են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտնել են Եվրոպայի Հայ դատի գրասենյակից՝ նշելով, որ Մարինա Կալյուրանդը Հարավային Կովկասի հետ հարաբերություններով զբաղվող հանձնաժողովի նախագահն է, Անդրեյ Կովաչևը՝ Հայաստանի հարցով հիմնական զեկուցողը, իսկ Ժելյանա Զովկոն՝ Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցողը:

Հայտարարության մեջ եվրապատգամավորներն անհրաժեշտ էին համարել ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք պաշտպանությունն ու արգելել խոշտանգումները, արժանապատվությունը նվաստացնող և այլ անմարդկային վերաբերմունքը: «Ցավում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ միջանկյալ միջոցը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել պահվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի համար ձեռնարկվող միջոցների մասին»,- նշել էին նրանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում