Քաղաքականություն

Խորհրդարանը քննարկում է ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմության նախագիծը

2 րոպեի ընթերցում

Խորհրդարանը քննարկում է ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է երկրում ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» համատեղ օրենսդրական նախաձեռնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացնելիս ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ երկու ընդդիմադիր խմբակցություններն արդեն երրորդ անգամ են հանդես բերում ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնելու նախաձեռնություն:

«Հիմա այլ իորղություններ են Հայաստանում, և ռազմական դրության իրականությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, սահամանփակվում է երկրում ժողովրդավարությունը, որովհետև ՏԻՄ ընտրություններ չեն լինում, մի համայնքում ավագանի չկա անգամ»,-ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ԱԺ պաշտպանության հանձանժողովի նիստում իրենց նախագիծը ներկայացնելիս իշխանությունը հորդորում էր մի քանի օր էլ համբերել, կլինի հանգուցալուծում, քաղաքական ուժերի բանակցություններն ընթացքի մեջ են: «Այդ բանակցողներից մեկն էլ ես եմ, մենք ունեցանք հանգուցալուծում: Ունենք ընտրությունների կազմակերպման հստակ օր»,- նշեց ԼՀԿ ղեկավարն ու հավելեց՝ չեն կարող քաղաքական գործընթացները մտցնել քաղաքական հուն, եթե դեռ ռազմական դրությունը պահպանվում է:

Մարուքյանի կարծիքով՝ ռազմական դրությունը մնացել է զուտ որպես քաղաքական երևույթ: Քանի որ կա պայմանավորվածություն, և այդ լույսի ներքո երկրում, Մարուքյանի կարծիքով, լարվածությունը թուլացել և թուլանում է, ընդդիմությունն առաջարկում է հանել ռազմական դրությունը:

Նախագիծը ԱԺ գլխադասային հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն: Սակայն հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը նշեց, որ արդեն արժե ընդունել ընդդիմության այդ նախաձեռնությունը և հարցը օբյեկտիվ և բազմակողմանիորեն քննարկել, ինքը ևս, որպես ՀՀ քաղաքացի, ուզում է, որ ռազմական դրությունը հանվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում