Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորաբանությունը բարդացնում է կառուցողական համագործակցությունը. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը պատասխանել է խորհրդարանի Ալյընտրանքային ժողովրդավարական բարեփոխումներ (ADR) խմբակցության ղեկավար Ֆերնան Կարթայզերի հարցերին, որոնք վերաբերում են հրադադարից հետո ԼՂ ապագայի շուրջ պահպանվող անորոշությանը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է պատգամավորի հարցերն ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պատասխանները.

Հարց. Ո՞րն է ԵՄ մոտեցումն Արցախի իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային հանրային իրավունքի դիտանկյունից, վերջնական ճանաչումը, ի՞նչ եք կարծում։

Պատասխան. ԵՄ-ն հույս ունի, որ կողմերին կհաջողվի բանակցությունների միջոցով գտնել տևական լուծում, որը կսահմանի ԼՂ իրավական կարգավիճակը բոլոր կողմերի համաձայնությամբ։ Այս առումով, ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ԵԱՀԿ գործող նախագահի և նրա անձնական ներկայացուցչի ջանքերին։

Հարց. Ինչպե՞ս է Լյուքսեմբուրգը գնահատում ԵԽԽՎ հունվարի 25-ի թիվ 2357 բանաձևի պահանջների հարցում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները, արդյո՞ք կառավարությունը կարծում է, որ կողմերը կատարել են բանաձևի բոլոր դրույթները, եթե ոչ՝ որտե՞ղ է Լյուքսեմբուրգը տեսնում մոտեցումների տարբերություն, մասնավորապես, բանաձևի հետևյալ ձևակերպումներում. «հրաժարվել իրավիճակը սրող հայտարարություններից, որոնք կարող են արգելափակել քաղաքական երկխոսությունը, ապահովել եռակողմ հայտարարությամբ ստանձնած հումանիտար պարտավորությունների կատարումը՝ բոլոր գերիների և այլ պահվող անձանց և զոհերի մարմինների վերադարձ, մշակութային ժառանգության պահպանում, սրբավայրերի պղծման, մասնավոր սեփականության ոչնչացման և կատարված ռազմական հանցագործությունների հարցերով անկախ հետաքննության իրականացում՝ ընդհուպ մինչև մեղավորներին պատասխանատվության ենթարկելը»։

Պատասխան. Գերիների փոխանակման հարցը հրադադարի հայտարարության այն կետերից է, որն ամենախնդրահարույցն է մինչ օրս։ Հայաստանը վերադարձրել է իր մոտ պահվող բոլոր անձանց, սակայն մեծ թվով հայ ռազմագերիներ դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում։ Երկու երկրների միջև ագրեսիվ հռետորաբանությունը, որը հատկապես շարունակաբար բորբոքում է Ադրբեջանի նախագահը, բարդացնում է կառուցողական համագործակցությունը։ Տարածաշրջանի մշակութային ժառանգության պահպանումը կողմերի համար նույնպես շարունակում է մնալ վիճելի հարցերից մեկը։

Հարց. Ադրբեջանը նախկինում բազմիցս քննադատել է ԵՄ-ին և անդամ երկրներին։ Այդ երկրի ԱԳ նախարարությունը, մասնավորապես, հունվարի 31-ին, հայտարարություն է տարածել՝ ԵՄ մոտեցումները որակելով միակողմանի և երկակի ստանդարտների վրա հիմնված, որը կարող է փչացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Իսկ Իլհամ Ալիևը 2020թ. դեկտեմբերի 24-ին դիմելով ֆրանսիացի, բելգիացի և հոլանդացի քաղաքական գործիչներին, նրանց անվանել է երկերեսանիներ, կոչ անելով՝ բացել աչքերը և նայել իրականությանը։ Ալիևը նաև ասել է. «Թո՛ղ այդ բանաձևերն անեծք լինեն ձեզ համար»։ Ինչպիսի՞ հետևանքներ են ունեցել այդ հայտարարությունները Լյուքսեմբուրգ-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Հաշվի առնելով այս իրողությունները և անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին կայացած ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի հանդիպումը՝ որքանո՞վ է պատեհ ունենալ այդպիսի համագործակցություն Ադրբեջանի հետ՝ ներառյալ ԱլԳ չևաչափում։

Պատասխան. Ադրբեջանը ԵՄ հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության մասնակից է, որը հնարավորություն է տալիս ԵՄ և անդամ երկրներին ներգրավվել ո՛չ միայն կառուցողական, այլև՝ քննադատական երկխոսության մեջ Ադրբեջանի հետ։ Այս կերպ ԵՄ-ն կարող է կարևոր դերակատար դառնալ Ադրբեջանի իշխանությունների կողմից միջազգային իրավունքը և մարդու իրավունքները հարգելու համատեքստում։

Հարց. 2020թ. նոյեմբերի 19-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտարարություն արեց ԼՂ իրավիճակի վերաբերյալ։ Լյուքսեմբուրգի կառավարությունը դրանից ի վեր տեսե՞լ է կոնկրետ զարգացումներ տարածաշրջանում ԵՄ պահանջների առումով։ Եթե ոչ, ինչպիսի՞ խնդիրներ կան և ո՞վ է պատասխանատու դրանց համար։

Պատասխան. Հրադադարի ռեժիմը նոյեմբերի 10-ի հայտարարությունից ի վեր պահպանվում է մինչ օրս՝ բացառությամբ որոշ միջադեպերի, այնուամենայնիվ, ագրեսիվ հռետորաբանությունը չի վերացել և գերիների փոխանակման հարցը փակուղում է։ Չի անցկացվել նաև ռազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն, հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ ծանր, միջազգային կազմակերպությունների մուտքը տարածաշրջան արգելափակվում է Ադրբեջանի կողմից, դեռևս չկան նախանշաններ հակամարտության տևական լուծման համար։

Հարց. Պատրաստվու՞մ է արդյոք ԵՄ-ն օժանդակություն տրամադրել տարածաշրջանի բնակչությանը՝ կանխելու համար հումանիտար աղետն Արցախում։

Պատասխան. ԵՄ-ն հումանիտար աջակցություն ցուցաբերել է տարածաշրջանին ներկայիս ճգնաժամի օրերից, որը կազմել է 6.9 միլիոն եվրո։Հարց. ԼՂ-ում ստեղծված իրավիճակը և ԵՄ նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունն ազդեցություն ունեցե՞լ են այդ երկրի նկատմամբ եվրոպական վիզային քաղաքականության վրա, հատկապես՝ ադրբեջանական դիվանագիտական անձնագիր կրողների համար։

Պատասխան. Վիզային քաղաքականությունը կարգավորվում է Ադրբեջանի հետ 2014թ. կնքված վեզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերով, և այդ առումով ոչինչ չի փոխվել։

Հարց. Լյուքսեմբուրգը սատարու՞մ է ԵԱՀԿ կողմից ԼՂ-ում դիտորդներ տեղակայելու հնարավորությանը։ Կարո՞ղ է ԵԱՀԿ-ն դերակատարություն ունենալ տարածաշրջանում ռազմական հանցագործությունների հետաքննության գործընթացում։

Պատասխան. ԵԱՀԿ դիտորդական առաքելության տեղակայումը հնարավոր է բոլոր կողմերի համաձայնությամբ այդպիսի դիմում ստանալու պարագայում։ Լյուքսեմբուրգն աջակցում է այդ առաջարկին և, սկզբունքորեն, ԵԱՀԿ ջանքերին։ ԵԱՀԿ գործառույթը հակամարտությունների կանխարգելումը և դրանց լուծումն է։ Այն չունի որևէ գործիքակազմ՝ զբաղվելու ռազմական հանցագործությունների հետաքննությամբ։

Հայերեն English Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը