Քաղաքականություն

Նախագահի հրավիրած հանդիպումը չի կայանա, «Բարգավաճ»-ն ու ՀՓՇ-ն պայմաններն են ներկայացրել

2 րոպեի ընթերցում

Նախագահի հրավիրած հանդիպումը չի կայանա, «Բարգավաճ»-ն ու ՀՓՇ-ն պայմաններն են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին նշված է աշխատակազմի հայտարարության մեջ։

«Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ջանքերը և պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների և արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմը և հավելել, որ այդ հանդիպումները հնարավորություն կտան ևս մեկ անգամ լսել բոլորի տեսակետները, ավելի հստակեցնել դիրքորոշումները և դրանց հիման վրա ձևավորել աշխատանքային օրակարգ:

Հայտարարությամբ նշվում է՝ Հանրապետության նախագահը վերահաստատում է իր այն համոզմունքը, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, և պետք է անել ամեն ինչ` երկիրը զերծ պահելու ցնցումներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում