Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Աբու Դաբիի Էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Աբու Դաբիի Էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ Աբու Դաբիի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.«Վերջին տարիներին հայ-էմիրաթական փոխհարաբերությունները թևակոխել են զարգացման նոր փուլ, որտեղ մեծ է Ձեր դերակատարությունը: Մեր երկրներն արդյունավետ համագործակցություն են ծավալում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմարդյունաբերությունը, սննդի անվտանգությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան:

Մեծ է նաև Ձեր անձնական ներդրումը և առաջնորդությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության գործում: Հատուկ կարևորում եմ մեր միջև հաստատված բարեկամական հարաբերությունները: Հատկապես ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումներն ու մտերմիկ զրույցները, որոնք ավելի են ամրապնդում փոխադարձ վստահությունն ու առավել խորացնում մեր ժողովուրդների բարեկամությունն ու միջպետական համագործակ­ցությունը: Լիահույս եմ, որ մոտ ապագայում պատիվ կունենամ Ձեզ հյուրընկալելու Հայաստանում»:

Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում