Հասարակական

Քննարկվեց «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ընդլայնման ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Քննարկվեց «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ընդլայնման ծրագիրը

ԳԱՎԱՌ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։Գեղարքունիքի մարզպետ Գնել Սաոսյանի եւ «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի ու կենտրոնի ներկայացուցիչների հանդիպումը, որը կայացավ Գեղարքունիքի մարզպետարանում, նվիրված էր «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ընդլայնման ծրագրի քննարկմանը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդլայնման նախագիծը ներկայացրեց Մարի Լու Փափազյանը։ «Այսօրվա հանդիպման հիմնական նպատակը «Թումո» կենտրոնի եւ 10-ից ավելի տուփերի տեղորոշման խնդրի կարգավորումն է: Տուփեր ենք նախատեսել բացել մարզի այն համայնքներում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների դպրոցականների համար: Ակնկալում ենք փոխհամագործակցություն մի շարք այլ ուղղություններում»,-նշեց Մարի Լու Փափազյանը։

Մարզպետ Գնել Սանոսյանը հավանություն տվեց ներկայացված ծրագրի այն բաղադրիչին, որով նախատեսվում է «Թումո» կենտրոն եւ տուփեր տեղադրել՝ ելնելով բնակչության, սովորող աշակերտների եւ ուսանողների թվաքանակից, ճանապարհային հաղորդակցության հնարավորություններից եւ նպաստավոր այլ գործոններից։

«Ուրախ եմ, որ ամիսներ առաջ կայացած մեր հանդիպումները, քննարկումներն ու համատեղ աշխատանքն արդեն տվել են իրենց դրական արդյունքները: Ես կարեւորում եմ այն համայնքների ընտրությունը, որտեղ ուսուցումը հասանելի լինի նաեւ սահմանամերձ համայնքների դպրոցականների համար։ Կփորձենք նաեւ «Թումո» կենտրոնի եւ տուփերի ստեղծման որոշակի հարցերում ներգրավել բարերարներին։ Գեղարքունիքի մարզպետարանը եւ մարզի համայնքները պատրաստակամ են՝ աջակցել ծրագրին, որպեսզի մարզի մնացած տուփերը եւս սեղմ ժամկետներում կառուցվեն ու կյանքի կոչվեն»,- նշեց մարզպետը:

Ըստ Մարի Լու Փափազյանի՝ փոխհամաձայնությամբ ընտրված համայնքներից յուրաքանչյուրում, կախված սովորողների թվաքանակից, կտեղադրվի 2-3 «Թումո» տուփ։ Կենտրոնը եւ տուփերն ապահովվելու են ժամանակակից տեխնիկական միջոցներով եւ դասավանդող մասնագետ կադրերով:

Մարտի 9-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում գործում է Գավառի «Թումո» ստեղծարար կենտրոնի տուփը, ընթացքի մեջ է հերթական տուփի բացումը Սեւան քաղաքում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում