Հասարակական

«Տարվա լավագույնները» մանկավարժական մրցույթի հաղթողներն արժանացել են գերատեսչական պարգևների

3 րոպեի ընթերցում

«Տարվա լավագույնները» մանկավարժական մրցույթի հաղթողներն արժանացել են գերատեսչական պարգևների

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում փետրվարի 25-ին կայացել է՝ «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթող մանկավարժների պարգևատրման արարողություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մանկավարժական նորարարական ծրագրերի մրցույթը նման ձևաչափով առաջին անգամ էր կազմակերպվել: Հայաստանի տարբեր բնակավայրերի կրթօջախները ներկայացնող մանկավարժները,որոնց ներկայացրած ծրագրերը հաղթող են ճանաչվել, պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով և շնորհակալագրերով։

Ողջունելով պարգևատրման արարողության մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է ուսուցչի դերը հասարակության կյանքում: «Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի ոչ միայն խոսքով, այլ նաև գործով բոլորը հասկանան, որ ուսուցիչը գերագույն արժեք է: Ձեզ նման ուսուցիչների որակը պետք է տարածվի ամբողջ հանրապետությունում. բոլորը պետք է ձգտեն նմանվել ձեզ, ունենալ այդ ձգտումը՝ լինել լավը, լինել իրական ուսուցիչ»,-ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ արվում է առավելագույնը՝ ապագա սերունդներին որակյալ կրթություն փոխանցելու համար

Մանկավարժական և ուսումնամեթոդական նորարարական ծրագրերի մրցույթի կարգն ու արդյունքները ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ մրցույթի ձևաչափը նախորդ տարի փոխվել է, որպեսզի խրախուսվեն ոչ միայն այն մանկավարժները, որոնք արդեն վաստակ ունեն, այլև նրանց գաղափարները:

«Այսպիսով, մրցույթը դարձել է նորարարական ծրագրերի ներկայացման և գնահատման գործընթաց»,-ասաց փոխնախարարը՝ տեղեկացնելով, որ մրցույթին ներկայացվել է 53 հայտ, 35-ը` անհատական, իսկ 18-ը՝ խմբային։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ժաննա Անդրեասյանը մանրամասնեց, որ ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում հանձնաժողովի որոշմամբ սահմանված նվազագույն 50 միավորի շեմը հաղթահարել է 41 ծրագրային առաջարկ, որից 27-ը՝ անհատական, իսկ 14-ը՝ խմբային։

Արդյունքում՝«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 33, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 2, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 5 և «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 1 ծրագիր: «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացված 1 ծրագրային առաջարկը չի հաղթահարել նվազագույն միավորային շեմը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում