Պաշտոնական

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահը նշել է, որ նորանշանակ դեսպանը Հայաստանում իր գործունեությունը սկսում է մեր երկրի համար դժվարին ժամանակաշրջանում, և համոզմունք է հայտնել, որ նա իր ջանքերով կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Ընդգծելով, որ Հայաստանն ու Արգենտինան ավանդաբար ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունեն՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել երկկողմ փոխգործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Արգենտինայի հայ համայնքը մեծ դեր ունի երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ու ջերմ հարաբերությունների պահպանման մեջ:

Դեսպան Մարիանո Վերգարան նշել է, որ ուրախ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում և պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը՝ երկու երկրների միջև մշակութային, տնտեսական կապերի խորացման համար:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում