Կոմիտասի թանգարան-ինստիտուտը «Հարսանեկան երգեր», «Կոմիտասը և իր ժառանգությունը» գրքերով շնորհավորեց Գրքի տոնը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ներկայացրեց «Հարսանեկան երգեր» (մաս Ա), «Կոմիտասը և իր ժառանգությունը» տարեգիրքը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանն ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտը գրքեր է հրատարակում հիմնադրման օրից ի վեր: «Կարևոր շարք ենք համարում տարեգիրքը, որի «Կոմիտասը և իր ժառանգությունը» 5-րդ հատորը լույս տեսավ 2020-ին: Այն միջազգային է. հոդվածների հեղինակներն ինչպես Հայաստանից են, այնպես էլ արտասահմանյան տարբեր կազմակերպություններից, հեղինակավոր համալսարաններից»,-նշեց Շախկուլյանը:

Հատորում տեղ են գտել Կոմիտասի 150-ամյա հոբելյանի առթիվ Բեռլինի Հումբոլդտի և Հալլեի Մարտին Լյութեր համալսարաններում տեղի ունեցած միջազգային գիտաժողովում ներկայացված նյութեր: Գիրքը հասցեագրված է երաժշտագետներին, արվեստաբաններին, մշակութաբաններին, միջնադարագետներին, ֆոլկլորագետներին, հայ երաժշտությամբ հետաքրքրվողներին: Կոմպոզիտորական արվեստից բացի անդրադաձ է կատարվել նաև ժողովրդական և հոգևոր երաժշտությանը: Չեն սահմանափակվել միայն հայկականով և ներառել են այլ ազգերի հոգևոր, ժողովրդական գործերը:

Գիրքը լույս են ընծայել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանության՝ ի դեմս դեսպան Աշոտ Սմբատյանի աջակցությամբ:

Խոսելով «Հարսանեկան երգեր» գրքի մասին՝ Շախկուլյանը նշեց, որ ոչ թե գիտական, այլ կրթական խնդիր են իրենց առաջ դրել: Նա ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտը մշտապես կրթական ծրագրեր է իրականացնում: «Մեր ամենասիրված կրթական ծրագրերից մեկի շրջանակում մարդիկ արաշակի թեմայի շուրջ հանրամատչելի դասախոսություն են լսում և այդ թեմային առնչվող երգեր սովորում: Ծրագիրն իրականացնելիս պարզ դարձավ, որ հայերեն երգերի տառադարձումների և թարգմանությունների կարիք կա, քանի որ արտասահմանցիները նույնպես մասնակցում են ծրագրին: Նախաձեռնեցինք «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարը, որի առաջին հատորը քնարական երգերին էր նվիրված, երկրորդը՝ պարերգերին, իսկ երրորդ հատորը, որը նաև երկրորդ մաս կունենա, հարսանեկան երգերին: Ընտրում ենք հիսուն երգ, որոնք գիտական տառադարձումներով ներկայացվում են գրքում: Կան նաև նոտաները, երգերի անգլերեն թարգմանությունները: Գիրքը կազմել և խմբագրել են Լիլիթ Հարությունյանն ու Աստղիկ Մարտիրոսյանը: Այն լույս է տեսել Երևանում Գյոթե կենտրոնի հետ համագործակցության արդյունքում»,-պատմեց Տաթևիկը:

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը «Կոմիտասը և իր ժառանգությունը» տարեգրքի առանձնահատկությունն է համարում այն, որ գիրքը ծնվել է տարբեր հաստատությունների հետ համագործակցությամբ:

«Խորհրդանշական է, որ այն հրատարակվել է Կոմիտասի մայր բուհի հետ համագործակցությամբ: Շատ կարևոր համագործակցություն է դա. Հումբոլդտի համալսարանում Կոմիտասին նվիրված գիտաժողով կազմակերպեցինք, որին մասնակցեցին ոչ միայն հայեր, այլև գերմանացիներ, իտալացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Այս ժողովածուն հասցեագրված չէ ընթերցողների լայն շրջանակին, բայց գիտական առումով սոսկ երաժշտագետների համար չէ: Այն հումանիտար հսկայկան ոլորտ է ներառում՝ և՛ բանահյուսություն, և՛ էթնոերաժշտագիտություն, և՛ ժողովրդագրություն, պատմություն և այլն: Պարբերականը բազմալեզու է՝ հայերեն, գերմաներեն, անգլերեն, ռուսերեն: Հիմք է և հույս է տալիս, որ հետագայում ևս կկարողանանք նման համագործակցությունը շարունակել եվրոպացի գործընկերների հետ»,-շեշտեց Նավոյանը:

«Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Հարսանեկան երգեր» գիրքն էլ նոտագրություն է, որը, հույս ունեն, պետք է հնչի ազգի լայն շերտերում: «Եթե տեսնենք, թե մեր իրականությունում հարսանիքն ինչի է վերածվել, եթե այսօրվա հարսանիքը համեմատենք դեռևս 20-րդ դարի կեսի հարսանիքների հետ, կհասկանանք, թե ինչպիսի վիհեր են մեզ անջատում մեր ավանդույթներից: Այդ հսկա ծիսական համալիրի ողբերգական աղավաղումների ու դեֆորմացիաների հիմնական պատճառներից է երաժշտությունը: Մի աղոտ հույս ունենք, որ այս հրատարակությունները կարող են մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնել այն երգային ու երաժշտական շերտերի հանդեպ, որոնք կային հարսանիքների ժամանակ: Հույս ունենք, որ համեմատելիս կտեսնեն, որ այսպես էլ կարելի է հարսանիք անել և ավելի շքեղ կլինի, որ երգերի միջոցով գուցե վերադառնան հարսանիքի խորհրդաբանությանը, ծիսական համակարգին, որի բազմաշետությունն ու գեղեցկությունն անմրցակից են»,-եզրափակեց Մհեր Նավոյանը:

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը