Հասարակական

Երևանի պետական համալսարանի ևս երկու լսարան անվանակոչվել են պատերազմում զոհված ուսանողների անունով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 2 լսարաններ անվանակոչվել են Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողներ՝ Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանի Սուրեն Վարդանի Մելիքբեկյանի անուններով:

Մասնավորապես՝ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների կաբինետը (324 լսարան) անվանակոչվել է նույն ֆակուլտետի շրջանավարտ, Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայող Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանի անվամբ: Զոհված զինծառայող, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Սուրեն Վարդանի Մելիքբեկյանի անվամբ է կոչվել՝ համանուն ֆակուլտետի քարտեզագրության և գեոինֆորմատիկայի անվան լաբորատորիան (420ա լսարան):

Լսարանների անվանակոչումը նախաձեռնել է ֆակուլտետի դասախոսական անձնակազմն ու աշխատակիցները: Չափազանց հոգատար, ուշադիր, պատվական տղա էր Սուրենը։ Ծնվել է Բերդ քաղաքում։ Պատմեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:

«Նրա զոհվելուց հետո երկար ժամանակ աճյունը չէին գտնում: Ուստի՝ դասախոսներով չկարողացանք ժամանակին տեղեկանալ և մասնակցել նրա հուղարկավորությանը: Խոնարհվում եմ նրա ծնողների առաջ: Հպարտ եմ,որ Սուրենի նման ուսանող ենք ունեցել: Նա հայրենասիրական բանաստեղծություններ էր գրում և ՝ որպես հայրենիքի զինվորի՝ նրան կարելի է հասկանալ՝ ընթերցելով ու հաղորդակցվելով այդ բանաստեղծությունների հաղորդած զգացողությունների հետ:

Ալեքսանը համակրելի էր, տաղանդաշատ ու խելացի: Մշտապես ասպետական հայացքով ու մեղմ ժպիտով:Ես զարմանում էի նրա հանգստության վրա: Անչափ մեծ էր նրա հոգում նվիրումն ու սերն առ հայրենիք: Մեր ուսանողներ՝ Ալեքսանն ու Սուրենը գնացին իմացյալ մահվան ճանապարհով: Համոզված եմ՝ նրանք չէին մտածում մահվան կամ ապրելու մասին,այլ միայն՝ հաղթելու: Մենք չէինք կարող չիրականացնել լսարանները՝ Սուրենի և Ալեքսանի անուններով անվանակոչելու մտահղացումը:Սա ամենալավ դասախոսությունն ու խոսքն է,որը պետք է դաստիարակի եկող սերնդին:Հակառակ դեպքում բոլոր խոսքերը դատարկ կլինեին:

Մոտ 9 ամիս էր մնացել, որպեսզի զորացրվեր ՊԲ զինծառայող Ալեքսան Սիմոնյանը: Մայրը՝Գոհար Սիմոնյանը պատմեց, որ բնավորությամբ կենսասեր ու կենսուրախ էր Ալեքսանը: Վերջին անգամ՝հոկտեմբերի 30-ին, բավականին երկար են խոսել:

«Տրամադրությունը բարձր էր,ինչպես՝միշտ:Հայտնեց,որ տեղափոխել են Մարտունու Ճարտար քաղաք և որ հարմար դիրքեր են զբաղեցրել:Ասաց՝ առաջնագծում ճարտարցիներն են,որոնք իրենց տունն են պաշտպանում,իսկ իրենք երկրորդ գծում են:Պայքարել են՝ով ինչպես կարողացել է: Զոհվել է անօդաչուի հարվածի հետևանքով՝պատերազմի սկսվելուց 34 օր անց:

Սուրենի մայրը հուզմունքից դժվարացավ խոսել որդու մասին:

Նրա ուսանողական ընկերոջ Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Արսեն Զաքարյանի ամենատպավորիչ հիշողությունը վերջին զրույցն է ընկերոջ հետ, պատերազմի նախօրեին՝սեպտեմբերի 26-ին:Այնուհետև Սուրենի հետ կապ չի եղել:

«Վերջում ասաց՝ լավ, դուրս եմ գալիս արդեն: Դու ինձնից լավ գիտես, թե՝ ուր: Ուսանողական կյանքում Սուրենն աչքի էր ընկնում հենց սկզբից: Բացառիկ էր, տարբերվող ու խելացի: Նրա հետ ակտիվ մասնակցում էինք բոլոր ինտելեկտուալ մրցույթներին և անպայման որևէ պատվավոր հորիզոնական զբաղեցնում: Նաև բանաստեղծություններ էր գրում՝մեծամասամբ հայրենասիրական թեմայով:Նաև ասմունքում էր,որոնց մի մասը ձայնագրել էր»,-պատմեց զոհված զինվորի ընկերը:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի՝ զոհված զինծառայողների անունը կրող 2 լսարաններում ստեղծվել են նաև անկյուններ,որտեղ իրենց մշտական տեղն ունեն Սուրենի ու Ալեքսանի մեծադիր լուսանկարները, անձնական իրերը, ուսանողական ու զինվորական, բանաստեղծական տետրեր ու օրագրեր:

ԵՊՀ 2-րդ մասնաշենքի` 3-րդ և 4-րդ հարկերում տեղակայված լսարաններում, զոհված զինծառայողների անունով լսարանների անվանակոչման արարողությանը ներկա էին՝ծնողները,հարազատները, դասախոսներն ու ուսանողական ընկերներ:

Հայերեն

Հնդկաստանում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով շուրջ 34  մարդ է զոհվել

Հայաստանի ֆրանսիական համալսարանում անցկացվեց արհեստական բանականությանը նվիրված երկօրյա հաքաթոն

Լոռու մարզպետը հրաժարական է տվել

Հայաստանում սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունիս

Երեխաների պաշտպանության օրը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում. երեխաները տոնն անցկացրին իրենց հայրիկների հետ

Հայաստանը Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայանա «Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով

Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարի միանձնյա առաջատարը 4-րդ տուրի արդյունքներով Արավինդ Չիտհամբարամն է

Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ քննարկում է համատեղ օդային պարեկությունը՝ պարեկային ինքնաթիռի կործանումից հետո

Պեկինն ԱՄՆ-ին մեղադրել է առևտրային պայմանավորվածությունները խախտելու մեջ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարության պատվիրակությանը