ԱՄՆ-ի հայկական համայնքը մտադիր է «պատժել» Պակիստանին. այն ֆինանսավորում է վարձկաններին Արցախում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հայկական ամենամեծ քաղաքական կազմակերպությունը ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին կոչ է արել պահանջել, որպեսզի Պակիստանը ներառվի փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների մշակման խմբի (FATF) սեւ ցուցակում: Հայ ակտիվիստները պնդում են, որ Պակիստանը ֆինանսավորում է իսլամական վարձկաններին Արցախում: Այս նախաձեռնությունն առաջ է քաշվել FATF լիագումար նիստի նախօրեին: Դրա մասնակիցները պարզելու են՝ արդյոք Պակիստանը համարժե՞ք միջոցներ է ձեռնարկել ահաբեկչության ֆինանսավորումը վերահսկելու համար: FATF համաժողովը տեղի կունենա Փարիզում, փետրվարի 22-25-ը:

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից կռված վարձկանները Պակիստանից գումար են ստանում: FATF-ը, որը ստեղծվել է 1989 թ.` միջազգային ֆինանսական համակարգում «կեղտոտ փողերը» բացահայտելու համար, միջազգային որեւէ կազմակերպության կառուցվածքի մաս չի կազմում, բայց կապեր է պահպանում ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Համաշխարհային բանկի, Ինտերպոլի եւ այլ միջազգային կառույցների հետ: Այն ներառում է 37 պետություն եւ տարածաշրջանային երկու կազմակերպություն: Ռուսաստանը խմբի լիիրավ անդամ է դարձել 2003 թվականին: Այս մասին հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:

2018 թվականից Պակիստանը գորշ ցուցակում է: Նրա դեմ առարկությունները մեկ անգամ չեն քննարկվել նիստերի ընթացքում, բայց դա չի հանգեցրել նրան, որ այդ երկիրը հայտնվի սեւ ցուցակում: Համաձայն «FreeNews.AM»-ի՝ պատերազմում Ադրբեջանի կողմից դեր են խաղացել պակիստանցի զինվորները: Երկու ադրբեջանցու հեռախոսազրույցը հաստատել է, որ պակիստանցի զինվորականները ներկա են եղել հակամարտության շրջանում:

Ինչպես տեղեկացրել է «Featured news Reports» կայքը, Թուրքիան շատ ավելի բացահայտ է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Ղարաբաղ ուղարկելով սիրիացի ապստամբների երկու խումբ՝ ընդհանուր առմամբ շուրջ 2,5 հազար մարդ: Ֆրանսիան պաշտպանել է այդ վարկածը՝ Թուրքիային մեղադրելով Սիրիայից ռազմական գործողությունների գոտի ջիհադիստներ ուղարկելու մեջ:

Եվ Թուրքիան, եւ Պակիստանը երկար տարիներ քաղաքականապես մոտ են եղել Ադրբեջանին: 1991-ին անկախություն հռչակելուց հետո նրանք դարձան Ադրբեջանը ճանաչած առաջին եւ երկրորդ երկրները:

Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մահմուդ Կուրեշին կրկին հաստատել է Իսլամաբադի ավանդական դիրքորոշումն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում: Կուրեշին ասել է, որ Պակիստանը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ նրա գերիշխանությունը Լեռնային Ղարաբաղում:

Եթե Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի առաջ քաշած մեղադրանքները հաստատվեն, Պակիստանի վիճակը FATF-ում շատ ավելի կբարդանա: Նրա հույսը, որ գորշ ցուցակում գտնվելու վերջը կգա, չի արդարանա:

Ի տարբերություն Պակիստանի, Հնդկաստանը զգույշ եւ չեզոք քաղաքականություն է վարել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Նա չեզոքություն է պահպանել, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը աջակցել է Պակիստանին՝ Քաշմիրի հարցում Դելիի պատմական հակառակորդին:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Սերգեյ Լունեւը «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցի հետ զրույցում նշել է. «Ահաբեկչական գործունեության տեսանկյունից Պակիստանը Ռուսաստանի համար գլխավոր սպառնալիքներից մեկն է: Այդ պետությունն ակտիվորեն պաշտպանում է իսլամական գրոհայիններին ողջ Ասիայում: Պակիստանի կառավարությունը միշտ հայտարարում է, որ ահաբեկչության գաղափարներին նվիրված են առանձին քաղաքացիներ, իսկ պետությունը դատապարտում է ահաբեկչությունը: Սկզբունքորեն դրա հետ կարելի էր համաձայնվել, սակայն բանն այն է, որ Պակիստանում քաղաքական գլխավոր դերակատարը բանակն է: Քաղաքացիական կառավարությունը զգայուն հարցերի վերաբերյալ բանակից ոչ մի տեղեկատվություն չի ստանում: Իսկ բանակը ահաբեկչության գլխավոր հովանավորներից է: Ավելի ստույգ՝ դա անում է միջգերատեսչական ռազմական հետախուզությունը: Այդ մասին շատ տեղեկություններ են հրապարակվել: Նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆն իր հուշերում գրել է իսլամական ահաբեկչական կազմակերպությունների հետ զինվորականների կապերի մասին: Իսլամական խմբավորումների հետ հետախուզության կապերի մասին խոսել են նաեւ ԱՄՆ-ի պաշտոնական դեմքերը»:

Հարկ է հիշեցնել, որ հենց պակիստանյան հետախուզությունն է ստեղծել «Թալիբան» շարժումը: Շատ բանով հենց նրա շնորհիվ է հիմնադրվել «Ալ Քաիդան»: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ խորհրդային զորքերն Աֆղանստանում էին: Այդ փաստն ընդգծել է փորձագետը: «Ալ Քաիդան» ֆինանսավորվել է Սաուդյան Արաբիայի կողմից: Իսկ նրա առաջնորդ Ուսամա բեն Լադենը հավաքագրվել է ԿՀՎ-ի կողմից: Հետո, ճիշտ է, վերջինս անցել է Միացյալ Նահանգների թշնամիների կողմը:

«Պակիստանի բանակը զինյալներ է պատրաստում իր տարածքում՝ Քաշմիրում: Այդ երկրի ռազմական հետախուզության կապերը տարածվում են Կենտրոնական Ասիայի եւ նույնիսկ Չինաստանի՝ ույղուրական ծայրահեղականների վրա: Պարադոքս է, բայց այստեղ Չինաստանը չի խանգարում նրանց: Այնպես որ, հայկական սփյուռքը միանգամայն արդարացիորեն է պահանջում, որ Պակիստանը պատասխանատվություն կրի Ղարաբաղում պատերազմին միջամտելու համար»,-շեշտել է Լունեւը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

Հայերեն العربية Русский

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ