Հայաստանում դատապարտում են Հոլոքոստի հուշարձանի պղծումը. հրեական համայնքի ներկայացուցիչը միջադեպում տեսնում է արտաքին հետք

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա և հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակները համարում են վանդալիզմի դրսևորում և դատապարտում խստագույնս. կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Քաղաքային իշխանությունները հուշարձանի մաքրման աշխատանքը ստանձնել են վաղ առավոտից, իրավապահները լծվել են հանգամանքների բացահայտման գործին:

«Ապրել- չմոռանալ» խորհրդանշական գրությամբ հուշարձանը պղծելու դեպքը խստորեն դատապարտել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ վանդալիզմի այս դրսևորումը պետք է արժանան պատշաճ քննության: «Խստորեն դատապարտում ենք Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա ու հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը։ Վանդալիզմի այս դրսևորումը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն համամարդկային արժեքների դեմ, և այն պետք է արժանանա պատշաճ հետաքննության, իսկ հանցագործությունն իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ բացառելու և կանխելու հետագայում նմանօրինակ դեպքերի կրկնությունը»,- նշել է Սիմոնյանը: ԱԺ փոխխոսնակը հավելել է, որ նման արատավոր երևույթները զուրկ են բարոյական հիմքերից և տեղ չունեն ցեղասպանություն վերապրած և այդ հանցագործության դեմ պայքարի ջատագով հասարակության մեջ:

Երևանի քաղաքային իշխանությունն արդեն քայլեր է ձեռնարկում հուշարձանի մաքրման ուղղությամբ: Քաղաքապետ Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ իրավապահ մարմինները արագ և համարժեք արձագանք կտան հուշարձանի պղծման դեպքին:

«Որևէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի և դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից: Երևանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաև երևանցի լինելու պատվավոր կոչումը, և որևէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարությանը:

Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչ Վիլյամ Վայները հուշարձանի պղծման մեջ արտաքին հետք է տեսնում և համոզված է, որ դա հայի ձեռքի գործ չէ: «Շատ եմ ցավում, որպես Հայաստանի քաղաքացի, որպես բնիկ երևանցի, որ նման բաներ են մեզ մոտ տեղի ունենում: Չեմ հասկանում, չեմ ուզում հասկանալ, սա այն երկիրն է, որտեղ երբևէ նման բան չի եղել, ու ես չեմ կարող հասկանալ, թե ում գծագրով է այս ամենը տեղի ունենում: Ինձ համար դա անընդունելի է: Ես համոզված եմ, որ դա հայի ձեռքի գործը չէ: Ես համոզված եմ, որ դա դրսից է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վիլյամ Վայները:

Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս դատապարտում է վանդալիզմ այդ արարքը: «Սա վանդալիզմ է: Անկախ այն հանգամանքից, թե արցախյան վերջին պատերազմում Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառված զենքերի և Ադրբեջանին ակնհայտ ռազմական և քաղաքական օժանդակության հարցում ինչպիսի վերաբերմունք ունենք (իսկ այդ վերաբերմունքը միանշանակ նեգատիվ է), չի կարելի պղծել Հոլոքոստի հուշակոթողը: Մենք հրապարակային հայտնում ենք մեր անհամաձայնությունը Իսրայելի վարած քաղաքականությանը, բայց պղծել զոհերի հիշատակը` վանդալիզմ է, և, կարծում եմ, մեզ հարիր չէ: Ես դատապարտում եմ Իսրայելի ռազմական աջակցությունը Ադրբեջանին և Իսրայելի արտաքին գերատեսչությունների հայտարարությունները, որոնք սատարում են թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան, բայց իմ գլուխն եմ խոնարհում Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակի առջև»,- նշեց Զոհրաբյանը:

Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա և հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծման փաստն արձանագրվել է փետրվարի 12-ի առավոտյան: «Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում. դեպքի բացահայտման ուղղությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Իրականացվել է դեպքի վայրի զննություն: Հանգամանքները պարզվում են:

Թարմ լուսանկարը՝ հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջից

«Արմենպրես»-ի արխիվային լուսանկարներն արվել են հունվարի 27-ին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը

Հայերեն العربية English Français

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը

Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս

Պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվեն նոր հնարավորություններ ձեռնարկատիրական գործունեության ոլորտում

Գյումրեցի ջութակահարն անցել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին