Հարկեր քիչ վճարելու համար բիզնեսը տրոհելու դեպքերի թիվն աճել է. ՊԵԿ-ն ընդունում է մարտահրավերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հարկեր քիչ վճարելու նպատակով բիզնեսը տրոհելու դեպքերի թիվն արճել է, ՊԵԿ-ն այդ ուղղությամբ իրականացնում է խիստ վերահսկողական գործընթացներ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը նշեց, որ այդ ուղղությամբ իրականացված միջոցառումների թվաքանակն աճել է 97,7 տոկոսով, իսկ փոխկապակցված ճանաչված տնտեսավարող սուբյեկտների թվաքանակը՝ 122,4 տոկոսով։ Մասնավորեապես, 87 դեպքով հիմնավորվել է, որ թվով 258 հարկ վճարող գործունեություն է իրականացրել միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով։ 2019 թ. 44 դեպքով թվով 116 հարկ վճարողներ են ճանաչվել փոխկապակցված:

«Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տարել և տրամադրված ենք նույն ոգով շարունակել 2021 թվականին: Կազմակերպությունների անուններ չեմ հնչեցնի: Ասեմ, որ եղել են դեպքեր, երբ խոշոր բիզնեսն է գնացել նման քայլի, որը հիմնականում խնդիր ունի ծախսերի հետ կապված: Արհեստական ստեղծում են մի քանի կազմակերպություններ, որպեսզի ծախսերի վերաբերյալ փաստաթղթեր ստանան և շահութահարկի հաշվետվությունում այդ ծախսերն արտացոլեն և պակաս հարկեր վճարեն»,- ասաց ՊԵԿ պաշտոնյան:

Անդրադառնալով հարկեր քիչ վճարելու նպատակով բիզնեսը տրոհելու այլ եղանակներին՝ ՊԵԿ պաշտոնյան նշեց, որ դրանք ամենատարբեր բնույթի են: Օրինակ, մանրածախ առևտուր իրականացնող տնտեսավարողներն իրենց գործունեությունը կազմակերպում են մի քանի խանութներում: Եվ, որպեսզի այդ բոլոր խանութների շրջանառության հանրագումարը չգերազանցի շրջանառության հարկով հարկման շեմը, ապա յուրաքանչյուր խանութի գործունեությունը կազմակերպվում է ազգականի կամ վարձու աշխատողի անվամբ գրանցված ձեռնարկատրիրոջ, միգուցե, հիմնադրված ՍՊԸ-ի միջոցով: ՊԵԿ-ը կատարում է ծածկագրված, գաղտնի օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ փորձնական գնումներ, զեղչի քարտերի, սոցիալական ցանցերում բիզնեսի էջերի ուսումնասիրություն և այլն: Բիզնեսի «հնարամտությունները» բացահայտելուն հաջորդում են իրավական գործընթացներ:

«Մեկ այլ տարածված երևույթի մասին կուզեի խոսել, որն ավելի շատ 2020 թվականին է դրսևորվել: Խոսքը շինարարության ոլորտի մասին է: Այս ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողներն իրենց վարձու աշխատողներին, օրինակ, ասենք, զոդողին, ներկայացնում են որպես անհատ ձեռնարկատեր, ձևական կնքում են ծառայությունների մատուցման պայմանագիր, հետո զոդողը ծառայությունների մատուցման հաշիվներ է դուրս գրում այս կազմակերպությանը: Երբ մենք ուսումնասիրում ենք, պարզվում է, որ, օրինակ զոդողը տեղյակ էլ չէ, որ ինքը գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր, որ իր անունով հարկային մարմին է ներկայացվում հաշվետվություններ և այլն»,- ասաց Վահան Չարխիֆալակյանը՝ ընդգծելով, որ խիստ վերահսկողությունը շարունակելու են և պատրաստ են ընդունել բիզնեսի նետած մարտահրավերները:

Հայերեն

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել