Արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման ուղղությամբ 2021 թ.-ին կհատկացվի 120 մլն դրամ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱևՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թ․-ից բյուջետային ֆինանսավորմամբ էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

2020–21 ուսումնական տարում, նախկին 4-ի փոխարեն, վերոնշյալ ծրագիրն իրագործվել է 6 պետության 8 հաստատությունների՝ Պրահայի Կարլովի (Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի (Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի, Հռոմի Լա՛Սապիենցա (Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի (Ավստրիայի Հանրապետություն), Արգենտինայի Քենեդի (Արգենտինայի Հանրապետություն) համալսարանների, Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) հետ:

Ծրագրի իրագործման նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է տվյալ համալսարանի և ՀՀ դեսպանությունների միջև կնքված հուշագրերի կամ համաձայնագրերի հիման վրա։

Համավարակի պատճառով 2020 թ.-ին ծրագրից դուրս են մնացել Կահիրեի համալսարանը (Եգիպտոսի Արաբական Հանրապետություն) և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (Ռուսաստանի Դաշնություն): Նշյալ կառույցների հետ բանակցությունները և համաձայնագրերի ստորագրման գործընթացը կշարունակվի այս տարի: 2021 թ.-ին նախատեսվում է ծրագիրն իրագործել նաև Ուրուգվայի և Քիշնևի (Մոլդովայի Հանրապետություն) համալսարաններում: 2019 թ.-ին ծրագրի համար հատկացվել է շուրջ 16 մլն դրամ, 2020 թ.-ին՝ շուրջ 60 մլն, 2021 թ.-ին նախատեսվում է 120 մլն դրամ:

Համալսարանների ընտրությունը պայմանավորված է այնտեղ դասավանդումն իրականացնելու նախապայմաններով, մասնավորապես՝ Վենետիկի համալսարանում առկա հայագիտական հարուստ ժառանգությունը, Բուխարեստի համալսարանում՝ երկու երկրների մշակութային փոխառնչությունների և հայկական պատմագիտական նյութերն ուսումնասիրելու անհրաժեշտությունը:

Մյուս համալսարանների պարագայում նշանակություն են ունեցել հայկական համայնքի առկայության փաստը, տվյալ երկրի հետ հարաբերությունների սերտացման քաղաքականությունը կամ տվյալ համալսարանի դերն ու նշանակությունը տարածաշրջանային համատեքստում:

Դասավանդումն իրականացվում է հիմնականում տեղի հայագիտական ոլորտի կադրերի կողմից, երբեմն՝ նաև Հայաստանից գործուղված մասնագետի միջոցով (Բուխարեստի համալսարան):

Հաստատություններում հայերենի իրավական կարգավիճակը տարբեր է. Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանում հայերենը դասավանդվում է 3 ուսումնական տարի՝ լեզվաբանների համար։ Բուխարեստում այն ընտրովի առարկա է։ Պրահայում և Զալցբուրգում դասավանդվում են նաև այլ հայագիտական առարկաներ՝ Հայոց պատմություն, Հայ քրիստոնեության պատմություն, Հայ գրականություն և այլն։

2020 թ․ առաջին անգամ ֆինանսավորվել են հետազոտական աշխատանքներ, որի նպատակով հուշագրեր են ստորագրվել Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուտի և Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի հետ:

Այս ծրագրով ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է աջակցել հայերենի ու հայագիտության տարածմանը և ամրապնդմանը օտարերկրյա պետությունների համալսարաններում և հետազոտական կենտրոններում։ Սա հայկական մշակույթն ու ինքնությունը ճանաչելի դարձնելու, մեր ժողովրդի և մշակույթի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը մեծացնելու, ինչպես նաև տեղի հայ համայնքներում հայկական արժեքների պահպանմանը նպաստելու լայն հնարավորություն է:

Հայերեն Русский

Չինաստանը հավանություն է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերին

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորությունից անկախանալու շուրջ համաձայնագիր են ստորագրել

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեկնարկեց Բյուրականի աստղադիտարանի հիմնադրմանը նվիրված միջազգային գիտաժողովը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր ունենք, որոնք պետք է պարզենք. Նարեկ Կարապետյան

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին

Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև Բելառուսից պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյան

Հայաստանն ու Իրանը ստորագրել են «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն

Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով