Հասարակական

Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելը կտուգանվի 0,5 տուգանային միավորով

2 րոպեի ընթերցում

Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելը կտուգանվի 0,5 տուգանային միավորով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ընթացքի ժամանակ ծխելու համար ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և տաքսիների վարորդների նկատմամբ կիրառել 1, իսկ անձնական տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ՝ 0,5 տուգանային միավոր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Օրենքի նախագծով նախատեսվում է նաև համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ: Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն»,- նշել էր Ֆիդանյանը:

Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում:

Օրենքի նախագիծն ընդունվեց 82 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում