Քաղաքականություն

Հայաստանը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարությունից, հայտարարությունում նշվում է.

«Խստորեն դատապարտում ենք հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը, ինչի մասին հայտարարել է եկել Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Արցախի հանդեպ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմն իրականացրել է միջազգային իրավունքի լայնածավալ և համակարգված խախտումներ, որոնց զգալի մասը պատերազմական հանցագործություններ են: Այդ պատերազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և դրանց իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման պահանջը հստակորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և եռակողմ հայտարարության ընդունումից հետո ռազմագերիների հանդեպ քրեական հետապնդումը հանդիսանում է հայտարարության կոպիտ խախտում:

Հարկ է նշել, որ հայ զինծառայողներն արդեն իսկ գերեվարվել էին եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի խախտման հետևանքով, երբ հրադադարի հաստատումից մեկ ամիս հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ էր ձեռնարկել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայ զինծառայողների գերեվարումից մոտ մեկ ամիս հետո, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին որպես պատանդներ իր քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով:

Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կրկնվող և միտումնավոր խախտումները լրջորեն վտանգում են հայտարարության լիարժեք իրականացումը և ստեղծում են նոր մարտահրավերներ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում