Հասարակական

Հանրային քննարկման է ներկայացվել մանկապարտեզների աշխատողների աշխատանքը և հանգիստը կարգավորող նախագիծ

3 րոպեի ընթերցում

Հանրային քննարկման է ներկայացվել մանկապարտեզների աշխատողների աշխատանքը և հանգիստը կարգավորող նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատողների ամենամյա արձակուրդի, աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները կարգավորող նախագիծը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ըստ նախագծի՝ առաջարկվում է 36-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը կարգավորել ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով։

«Հաշվի են առնվելու ուսումնական գործընթացի մասնակիցների անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքի կատարումը, որը չի կարող գերազանցել շաբաթական աշխատաժամանակի տևողության կեսը, ինչպես նաև մասնագետի անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքներին նախապատրաստվելու, ստացված արդյունքների մշակման, վերլուծության, փաստաթղթերի լրացման, որակավորման բարձրացման համար պահանջվող ժամանակը: Աշխատաժամանակի հաշվարկը կատարվում է՝ ըստ նախադպրոցական կրթական հաստատություններում (խմբերում) սաների մինչև 12 ժամ մնալու իրողության։

5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում էլ աշխատաժամանակի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր դաստիարակի կողմից դասավանդման աշխատանքի կատարումը` յուրաքանչյուր շաբաթ 36 ժամվա հաշվարկով։

6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատաժամանակի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր դաստիարակի դասավանդման աշխատանքի կատարումը` յուրաքանչյուր շաբաթ 43 ժամվա հաշվարկով:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների երաժշտության դաստիարակների (երաժշտական ղեկավարների) համար սահմանվում է աշխատանքային տարբերվող ռեժիմ՝ շաբաթական 24 ժամ։

Նշենք, որ ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանված են ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման 5-րդ հավելվածով:

Վերոնշյալ հավելվածում բացակայում են մանկավարժական որոշ աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները, ինչպես նաև ներառված չէ նախադպրոցական ուսումնական հաստատությունների 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դաստիարակների աշխատաժամանակի ռեժիմը: Ըստ այդմ՝ առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 201-Ն որոշման 5-րդ հավելվածում՝ ներառելով համապատասխան կարգավորումները։

Նախագիծը e-draft.am հարթակում հրապարակվել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։Շահագրգիռ կառույցները, մասնագետներն ու քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի հունվարի 15-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում