ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է կրճատել անհայտ բացակայող, մահացած ճանաչելու գործող ժամկետները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 80 «կողմ» ձայն:
Նախագծով կրճատվում են անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործող ժամկետները, եթե դրանք պայմանավորված են եղել ռազմական գործողություններով: Գործող Քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե 1 տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Այս նախագծով ժամկետը դարձվում է երեք ամիս, սահմանվում. «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին»:
Գործող քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից 2 տարի հետո: Ներկայացված նախագծով մահացած ճանաչելու ժամկետը 2 տարուց դառնում է 1 տարի՝ ռազմական գործողությունների սկսելու պահից:
Կարգավորումները տարածվում են սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա: