Հասարակական

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ ու ԵՊԲՀ որոշ դասախոսներ միանում են ընդդիմության հայտարարած դասադուլին

4 րոպեի ընթերցում

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ ու ԵՊԲՀ որոշ դասախոսներ միանում են ընդդիմության հայտարարած դասադուլին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի մի շարք ֆակուլտետներ, Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ դասախոսներ միանում են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հայտարարած դասադուլին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ պաշտոնական կայքի տարածված հաղորդագրությունում ասվում է. «ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին»:

Այսպիսով` ԵՊՀ-ից միացել են Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը, Աստվածաբանության ֆակուլտետը, Արևելագիտության ֆակուլտետը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, Իրավագիտության ֆակուլտետը, Հայ բանասիրության ֆակուլտետը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, Պատմության ֆակուլտետը, Քիմիայի ֆակուլտետը, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, Ֆարմացիայի ինստիտուտը, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը:

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ հայտնել է, որ Բժշկական համալսարանում կան դասախոսներ, աշխատակիցներ ովքեր տեղեկացրել են, որ միանալու են 2020 թ. դեկտեմբերի 22-ի դասադուլին: «Դա իրենց սահմանադրական իրավունքն է, և որևէ մեկն իրավասություն չունի այդ իրավունքը վերցնել մարդկանցից»,-նշել է նա՝ հավելելով, որ բուհն ապաքաղաքական կառույց է, և բուհի վարչակազմը երբևէ վարչական լծակ չի կիրառել և չի էլ կիրառի իր աշխատակիցների նկատմամբ։

Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է. «Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի 63 հարգարժան դասախոսներ, կոնսերվատորիայի անունից հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Ն. Փաշինյանի հրաժարականը:Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման հարց չի քննարկվել կոնսերվատորիայի ռեկտորատների և գիտխորհուրդների նիստերի ժամանակ, ուստի այն չի կարող բուհի պաշտոնական դիրքորոշում համարվել»:

Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ բուհի ներկայիս ղեկավարության կողմից երբևէ որևէ փորձ չի արվել ազդելու որևէ դասախոսի անձնական դիրքորոշման վրա: Բուհի յուրաքանչյուր դասախոս իրավունք ունի ունենալ սեփական քաղաքական կողմնորոշումները, հայացքներն ու տեսակետները:

«Ինչ վերաբերում է խմբային կարծիք արտահայտելուն, սա համարում եմ բուհի ապաքաղաքական հիմնարար սկզբունքի խախտում: Առանց տեղեկացնելու բուհին գոնե` արհմիության մակարդակով, առանց այդ մասին տեղեկացնելու դեկանատներին, ամբիոններին, այդպիսով խախտելով բուհի մնացյալ դասախոսների` նախաձեռնությանը տեղյակ լինելու տարրական իրավունքը, հրապարակվել է հայտարարություն ԵՊԿ-ի անունից»,-շեշտել է ռեկտորը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը դեկտեմբերի 22-ին հայտարարում է համահայաստանյան գործադուլ և դասադուլ:Ժամը 12:00-ին նախաձեռնությունը հավաքվելու է Հանրապետության հրապարակում:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում