Հասարակական

ՀՃՇԱՀ-ում հանձնվել է Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան 4-րդ մրցանակը

2 րոպեի ընթերցում

ՀՃՇԱՀ-ում հանձնվել է Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան 4-րդ մրցանակը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում (ՀՃՇԱՀ) դեկտեմբերի 16-ին հանձնվել է Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան 4-րդ մրցանակը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայստանում Լիտվայի դեսպանությունից։ «Մրցանակը շնորհվեց ճարտարապետության մագիստրատուրայի ուսանողուհի Աննա Քարամյանին՝ Վենետիկի հայկական Սան Լազարո կղզու Մխիթարյան միավանքի պահպանման և վերակառուցման աշխատանքների նախագծի համար:

Մրցանակը հանձնելիս դեսպան Ի. Ստանիտե-Տոլոչկիենեն շեշտեց, որ ճարտարապետությունը ապագան կերտելու, ինչպես նաև անցյալը պահպանելու արվեստ է: Այս առումով, այս տարվա մրցույթի թեման (մշակութային ժառանգություն) արդիական է առավել քան երբևէ: Դեսպանը հիշեցրեց Յուրգիս Բալտրուշայիտիս կրտսերի ավանդը Ջուղայի հայկական հնագույն գերեզմանատան հազարավոր խաչքարերի փաստաթղթավորելու և ուսումնասիրելու գործում, եւ որոնք, ցավոք, չեն պահպանվել մինչ օրս: Նա շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող աուտենտիկ մշակութային ժառանգությունը հսկայական արժեք է ոչ միայն Հայաստանի, այլև Եվրոպայի և մարդկության մշակութային ժառանգության համար եւ այն պետք է պահպանվի:

Լիտվայի արվեստի ականավոր պատմաբան և դիվանագետ Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան մրցանակը հիմնվել է 2017 թվականին Հայաստանում Լիտվայի դեսպանության նախաձեռնությամբ եւ Պետրա Ալոյան հիմնադրամի, Մեդիամաքս լրատվական գործակալության և Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի հետ համատեղ»,- ասվում է «Ֆեյսբուք»-ում դեսպանության էջի գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում