Հասարակական

Կառավարությունը նիստի օրակարգից հանեց Դիանա Գալոյանին ՀՊՏՀ ռեկտոր նշանակելու որոշումը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը նիստի օրակարգից հանեց Դիանա Գալոյանին ՀՊՏՀ ռեկտոր նշանակելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը քննարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշումը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, ով տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ է, առաջարկեց հարցը ևս մեկ անգամ քննարկել: «Ընտրությունների նիստի հետ կապված եղել է դատական հայց, մասնավորապես դատարանի կողմից եղել է որոշում ընտրությունների իրականացումը կասեցնել՝ հաշվի առնելով խորհրդի և ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները: Այդ ժամանակ դատարանի մեկ այլ որոշմամբ, նիստից ընդամենը 10 րոպե առաջ չեղյալ է համարվել դատարանի մյուս որոշումը, ընդ որում երկու դատարանները եղել են առաջին ատյանի դատարաններ: Այս պահին կա նաև ԿԳՄՍ նախարարության դեմ դատական հայց՝ նախարարության դեմ խորհրդի նիստի ընտրությունների հետ կապված: Հետևաբար ես կարծում եմ առնվազն հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտության կա այս հարցի շուրջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Առաքելյանը:

Անդրադառնալով հարցին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ հարցը չհաստատելու ֆորմալ հիմք չկա և պետք է վերջակետ դնել ռեկտորի ընտրության գործընթացին, քանի որ այդ ընթացքումմիայն բուհն է տուժում։ Ըստ նախարարի՝եթե հետագայում լինեն համապատասխան վճիռներ, ապա դրանք կարվեն սահմանված կարգով:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ հարցը հանվեց օրակարգից՝ մեկ անգամ ևս քննարկելու նպատակով: «Աշխատակազմի տեսակետը նույնպես իրավական տեսանկյունից այդպիսին է, բայց քանի որ Մեսրոպ Առաքելյանի կողմից հարցը բարձրաձայնվել է, մեկ քննարկում անպայմանորեն տեղի կունենա աշխատակազմում: Եվ եթե կարիք լինի, նույնիսկ հեռակա կարգով որոշումը կընդունվի: Քննարկումը մեկ շաբաթվա ընթացքում կանենք և եթե իրավական տեսանկյունից որևէ այլ հարց չառաջանա՝ կհաստատենք»,-ասաց փոխվարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում