«Հարյուրամյա հայկական գրաֆիկա» ցուցադրությանը ներկայացվել է հայ արվեստագետների 400 ինքնատիպ աշխատանք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրության շրջանակում, որը բացվել է դեկտեմբերի 12-ին Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում, ներկայացված են վերջին հարյուր տարվա հայկական դասական և ժամանակակից ավելի քան 150 արվեստագետներ՝ 400 ցուցանմուշով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը եզակի է, քանի որ արտահայտում է հայկական կերպարվեստի շարունակականությունն ու կապը սերունդների միջև՝ ամբողջացնելով հայկական գրաֆիկայի դպրոցը։

Այն համագործակցության հարթակ է ստեղծում հատկապես այն արվեստագետների համար, որոնք դեռևս կայացման փուլում են՝ հնարավորություն ընձեռելով նրանց մուտք գործել կերպարվեստի շուկա, զարգացնել և արդիականացնել այն։

«Ցուցադրության առանցքում արվեստագետ-թանգարան, դասական-ժամանակակից արվեստ երկխոսությունն է։ Երկխոսության այս տեսակն առաջին անգամ է կիրառվում Հայաստանում, չնայած որ բավականին արդիական է Եվրոպայում։ Ցուցադրությունը ներկայացնում է այն հսկա ներուժը, որը դեռևս անհասանելի է հայաստանցի արվեստասեր հասարակության համար, և որը դեռևս իր ընդերքում պահում է հայկական կերպարվեստը՝ թե՛ դասական և թե՛ ժամանակակից»,-նշում է «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի հիմնադիր, տնօրեն Արտուշ Մկրտչյանը։

Հայաստանցի արվեստագետներից բացի ցուցադրությանը ներկայացված են նաև հայ արվեստագետներ աշխարհի շուրջ 15 երկրներից՝ այդ թվում Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից։ Ներկայացված հայկական դասական գրաֆիկայի ականավոր գործիչների շարքում են Հակոբ Կոջոյանը, Մինաս Ավետիսյանը, Գառզուն, Գրիգոր Խանջյանը, Գոհար Իսայանը, Հակոբ Անանիկյանը, Անժելա Սարգսյանը, Կամո Նիգարյանը և այլք։ Ժամանակակից արվեստագետներից են Սարգիս Համալբաշյանը, Արարատ Սարգսյանը, Արման Գրիգորյանը, Լիլիթ Նիկողոսյանը, Վահան Թոփչյանը, Արման Համբարձումյանը, Կեվորգ Քասաբյանը, Անի Հովակը և այլն։

Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այն կշարունակվի մինչև 2021 թվականի մայիսի 1-ը։ Արվեստասեր հասարակությունը ցուցադրությանը կարող է ծանոթանալ նաև առցանց՝ հետևելով «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի ֆեյսբուքյան էջին։

«Սթիլ»-ը առաջին և միակ գրաֆիկայի թանգարանն է Հայաստանում։ Այն պաշտոնապես իր դռներն է բացել 2019 թվականի օգոստոսի 25-ին։ Թանգարանի շտեմարանը պարունակում է 17-21-րդ դարերի մոտ 6000 գրավյուրաներ, 300 հայկական դասական ու ժամանակակից արվեստագետների գրաֆիկական թերթեր, 1930-1960 թվականների խորհրդային ֆիլմերի մոտ 350 կինոաֆիշներ: Հավաքածուն համալրվել է մոտ 2000 խորհրդային ապակու հավաքածուով, որը եզակի է և միակը հետխորհրդային տարածքում:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը